211652_close_icon
views-count1513 դիտում article-date 17:30 20-01-2021

Լուռու մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2020 թվականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար: «2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար: Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզմ, ակտիվորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ՝ իրականացրել եք ձեր առջև դրված բոլոր կարևորագույն խնդիրները»,-ասաց Ա. Խաչատրյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Փամբուխչյանը: «Իրենց կյանքը վտանգելով՝ մեր փրկարարներն ամեն օր ապահովում են քաղաքացիների անվտանգությունը: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի»,-ասաց նա՝ կարևորելով 2021թ. իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացումը: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի գործունեությունը, նշեց, որ 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարել է: Մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել. • վարչության իրավասության սահմաններում՝ պետական կառավարման տարածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների,կազմակերպությունների հետ համագործակցության իրականացմանը. • կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններում գործունեության իրականացմանը, • արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկմանը. • ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացմանը: 2020 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 17,5%-ով: Վարչության պետի տեղեկացմամբ՝ պատերազմական գործողությունների ընթացքում հատկապես աշխատանքներ են իրականացվել մարզում առկա պատսպարանները և թաքստոցները ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թվով 15 փրկարարներ մասնակցել են պատերազմական գործողություններին: Նա ընդգծեց նաև բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղները պատշաճ տեսքի բերելու կարևորությունը՝ այս հարցում ակնկալելով նաև մարզային իշխանությունների աջակցությունը: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը ներկայացրեց ամենօրյա պարբերականությամբ մարզում հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքներին (ավտոկանգառներ, բանկոմատներ, շուկաներ և այլն): Նշվեց, որ 2020թ. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական ևս թվով 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: Մասնակի վերանորոգումներ են իրականացվել նաև պետական ծրագրում չընդգրկված հրշեջ- փրկարարական ջոկատներում: Վարչության պետն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին: Հաշվետվության պաշտոնական մասը եզրափակվեց իրենց մասնագիտությանը հավատարիմ փրկարարների պարգևատրման արարողությամբ: Մարզպետ Արամ Խաչատրյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ վերահաստատելով մարզպետարանի պատրասատակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործուներությանը՝ ի շահ մարզի ազգաբնակչության անվտանգության ապահովման: Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների: Մի շարք անվանակարգերում, նաև վարչության պետի շնորհակալագրերով պարգևատրվեցին, ըստ մասնագիտության ընտրված, լավագույն փրկարարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր