211652_close_icon
views-count9322 դիտում article-date 18:21 30-01-2021

Երվանդ Վարոսյան. Վահան Բադասյանին մեղադրանք առաջադրելով, փաստում են, որ իշխանությունը Հայաստանում փաստացի պատկանում է բացառապես Նիկոլ Փաշինյանին

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե անգամ Վահան Բադասյանը ուղիղ կոչ է արել ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին, միևնույն է այդ հայտարարությունը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։ Նշված հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Մինչդեռ Ն.Փաշինյանին ոչնչացնելու կոչը չի կարող ուղղված լինել ոչ իշխանությունը զավթելուն, ոչ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, ոչ էլ սահմանադրական կարգը բռնի տապալելուն։ Հայաստանի Հանրապետությունը պառլամենտական կառավարմամբ պետություն է։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ոչնչացման դեպքում, Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի և ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման ուժով կարող է հանգեցնել միայն նրան, որ ՀՀ վարչապետի լիազորությունները սկսի իրականացնել առաջին փոխվարչապետը։ Վահան Բադասյանին նման մեղադրանք առաջադրելով, նախաքննական մարմինն ու դատախազությունը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացրած դատավոր Մանվել Շահվերդյանը փաստում են, որ իշխանությունը Հայաստանում փաստացի պատկանում է բացառապես Նիկոլ Փաշինյանին, փաստում են, որ թե Ազգային ժողովը, թե առաջին փոխվարչապետը պարզապես մեխի գլուխներ են, իսկ իշխանություն ու սահմանադրական կարգ եզրույթները նույնականացված են Ն.Փաշինյանի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր