5377 դիտում
23:08 03-02-2021
Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի․ Ռոմանոս Պետրոսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի Աբովյանի N1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Քարմելա Առաքելյանը իր կնոջ ընկերուհին է։
Այս առնչությամբ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշել է․«Պաշտոնապես հերքում եմ նշված տեղեկությունը և հայտարարում, որ Քարմիլե Առաքելյանը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ կնոջ հետ որևէ ընկերային, ազգակցական և բարեկամական կապ չունի»։
Պետրոսյանը անդրադարձել է նաեւ տնօրենի ընտրության հարցի շուրջ բարձրացած աղմուկին։
«Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ինչպես հանրապետության, այնպես էլ՝ Կոտայքի մարզի դպրոցներում կառավարման խորհուրդները արդյունավետ գործում են, կատարում են իրենց գործառույթներից բխող վերահսկողական ֆունկցիաները, ուստի, ձեր կողմից նշված երևույթները չեն կարող տեղ գտնել դպրոցի տնօրենների ընտրության գործընթացում։
Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում կարծրացած ստատուս-քվոյի կազմաքանդում և դրա փոխարեն օրենքի գերակայության և իրավահավասարության իրավունքի երաշխավորում: Վերջին 2-2,5 տարիներին կառավարման խորհուրդներում, մասնավորապես՝ մարզպետի, ԿԳՄՍ նախարարի և համայնքների ներկայացուցիչների փոփոխությամբ սկիզբ է դրվել լայն բարեփոխումների, և այս պահին խորհուրդները պատշաճ գործում են օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակում՝ հասարակական հիմունքներով իրականացնելով վերահսկողական գործառույթներ: Այդ բարեփոխումների արդյունքում են փոխվել կառավարման խորհուրդների անդամները, և նոր սերունդը հնարավորություն է ստացել մուտք գործել դպրոցներ, որտեղ տնօրենները տասնամյակներով «վերարտադրվել են»:
Այսօր քաղաքացին իր իրավունքներն ու տեսլականն է իրացնում հանրակրթության ոլորտում՝ օրենքով սահմանված գործիքակազմերի կիրառմամբ, որպես ծնող, որպես մանկավարժ, որպես ՀՀ իրավատեր Քաղաքացի:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/02/03/1178008/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 3-ին Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում էին հավաքվել մեծ թվով աշակերտներ և ուսուցչական կոլեկտիվը, ովքեր, ի նշան բողոքի, հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մեզ մոտ տնօրենի ընտրություններ էին։ Մի թեկնածուն Մետաքսյա Բաբայանն է, մյուսը՝ դրսից Առաքելյան Քարմիլեն՝ 10-րդ հիմնական դպրոցից։ Ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի 4 անդամները, որոնք դրսից եկած էին, իրենց ձայնը տվեցին Առաքելյանին։ Այսինքն՝ 4-4 հավասար ձայներ հիմա կան։ Մենք համամիտ չենք, մենք ուզում ենք, որ մեր տնօրենը շարունակի մեզ հետ աշխատել։ Նրա հետ աշխատել ենք երկար տարիներ, 5 տարի եղել է տնօրեն, ունի պետական մտածողություն, շատ լավ դպրոցաշինության մոտիվացիա, միշտ գիտի ուր է գնում, ինչպես պետք է կատարի իր աշխատանքը։ Ունի անձնային հրաշալի որակներ, վստահելի ղեկավար է, տեսակով լավ մարդ, լավ ընկեր։ Նրա օրոք մեր դպրոցը ծաղկել, բարգավաճել է։ Մենք բոլորս գնահատում ենք նրա աշխատանքը։
Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է։ Մեր պահանջը արդարացի է, մենք ուզում ենք շարունակել մեր աշխատանքը մեր նախկին տնօրենի՝ Մետաքսյա Բաբայանի, հետ։ Մեր աշխատանքը մի կառուցողական աշխատանք է, մենք լրացնում ենք միմյանց, մի ամբողջություն ենք կազում միասին։ Մեր պահանջը պարզ է։ Այսօրվանից դասադուլ ենք արել և կշարունակենք՝ մինչև հասնենք մեր նպատակին։ Մեզ հետ համամիտ է ծնողական համայնքը, բոլոր ուսուցիչները։ Մեր պահանջն իրավացի է։ Մեզ հետ վատ են վարվել»։ Դպրոցի սաներն էլ իրենց հերթին ասում էին․ «5 տարի որպես տնօրեն, իսկ մինչ այդ էլ որպես պատմության ուսուցչուհի, մեր աչքերով ենք տեսել նրա թե՛ աշխատանքային, թե՛ մարդկային հատկանիշները։ Եթե վատ ուսուցչուհի լիներ, ապա նրա թեկնածությունը որպես տնօրեն չէր առաջադրի կոլեկտիվը, մենք էլ՝ որպես դպրոցի սաներ, չէինք ուրախանա ու չէինք սատարի։
Մենք՝ որպես դպրոցի սաներ, պահանջում ենք, որպեսզի դրսից օտար մարդ չբերեն մեր վզին փաթաթեն։ Մենք, միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հիվանդացած արդարությունը չմահանա։ Երբ նախկին մարզպետը դպրոցի կառավարման խորհուրդ մխրճեց իր ազգականներին, արդեն պարզ էր՝ նա հեռահար նպատակներ ուներ։ Ինչպես Աբովյան քաղաքի մի քանի դպրոցներում կատարեց նման քայլ, հիմա էլ մեր դպրոցում է ուզում այդ նորամուծությունը մտցնի։ Նոր նշանակված տնօրենին երեկվանից ուզում ենք հանդիպել, բայց չենք կարողանում։ Լրիվ դառել ա Խաչատուր Աբովյան՝ դուրս ա եկել ու չի վերադարձել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
18:56 23-05-2020
Զարուհի Բաթոյանն ու սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանն ազգակցական կապ չունեն․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
3215 դիտում
10:01 18-02-2022
Ինչ ազգակցական կապ ունեն Վիլեն Գաբրիելյանն ու Դավիթ Տոնոյանը․ «Ժողովուրդ»