211652_close_icon
views-count1324 դիտում article-date 18:56 23-05-2020

Զարուհի Բաթոյանն ու սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանն ազգակցական կապ չունեն․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանն ազգակցական որևէ կապ չունեն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ «Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է։ Անգամ նշվել էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են։ Ըստ հրապարակման՝ Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս եղել է Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ՝ ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլև պարգևավճար` մոտ 1 մլն դրամի չափով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Զարուհի Բաթոյանն ու Անի Ամիրշադյանն ազգակցական որևէ կապ չունեն (նրանց տատերը հարազատ քույրեր չեն), ավելին՝ նախարարն ու Ամիրշադյանը ծանոթացել են վերջինիս աշխատանքի ընդունվելու պահին միայն։ Ինչ վերաբերում է սոցապծառայության պետի՝ Իտալիայից վերադառնալուց հետո պարգևավճար ստանալուն, տեղեկացանք, որ Ամիրշադյանը եղել է արտերկրում, բայց ոչ Իտալիայում։ Ամիրշադյանը ինքնամեկուսացվել է 14 օր՝ մարտի 22-ից, որից մեկ շաբաթը եղել է արձակուրդում։ Ապրիլ-մայիս ամիսներին նա ստացել է միայն իր աշխատավարձը՝ առանց որևէ պարգևավճարի»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր