211652_close_icon
views-count2720 դիտում article-date 16:26 04-02-2021

Հոկտեմբերին Ջաբրայիլի մոտակայքում մնացել ենք 5-6 օր, 6-րդ օրն ստացել ենք նահանջելու հրաման․ որևէ մեկը մեզ չի դիմավորել․ նահանջ հրամանը բոլորիս համար անհասկանալի էր, կրակոց էլ չկար․ մայոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

ՊՆ Մայոր Սերոբ Գրիգորյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե իր հանդեպ մի շարք ապօրինություններ են տեղի ունեցել։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/mil/3514585?fbclid=IwAR0g8Qzd-Xawh15rREus1DNW-KOa32vHcJXyCOEQI-ooi249KEJte4AF5KU]Tert.am[/url]-ը։ Նա նշեց, որ 2020-ի հոկտեմբերի 3-ին զեկուցագիր է գրել, որ իրեն շտապ ուղարկեն մարտական գործողություններին մասնակցելու, հոկտեմբերի 9-ին իրեն ասել են, որ թույլ են տալիս մեկնել, և կամավորական վաշտ կազմավորելու դեպքում որպես վաշտի հրամանատար մեկնելու է մարտական գործողությունների վայր։ Հոկտեմբերի 11-ին, Գրիգորյանի տեղեկացմամբ, նշանակել են վաշտի հրամանատարի տեղակալ։ «Վաշտը տարել են անծանոթ վայր, հետագայում պարզվել է՝ Ջաբրայիլի մոտ է։ Այնտեղ մնացել ենք 5-6 օր, 6-րդ օրն ստացել ենք նահանջելու հրաման։ Ըստ հրամանի՝ զորքը նահանջել է, որևէ մեկը մեզ չի դիմավորել, ոչ մի բան չի արել»,-ասաց նա՝ նշելով, թե հետ գալուց հետո սկսել է զբաղվել աշխատանքին վերադառնալու հարցով, սակայն խնդիրներ են առաջացել։ Նա նշեց նաև, թե իրավունք չկար մարդուն նշանակել ցածր հաստիքի, եթե չկա տվյալ անձի համաձայնությունը։ «Իմ ուզածը մի բան է եղել՝ անցկացնել ծառայողական քննություն, պարզել՝ եթե ես մեղավոր եմ ինչ-որ բանում, պատրաստ էի իմ «պագոնները» պոկել, զորացրվել»,-նշեց նա։ «Վերադարձել եմ զինկոմիսարիատ, ու պարզվել է՝ ինձ ուղարկել են որպես զորահավաքի սպա։ Ծառայողական անհամապատասխանության գրություն է ուղարկվել Հանրապետական զինկոմիսարիատ, որ ես չեմ համապատասխանում իմ ծառայությանը։ Դրա մասին ես իմացել եմ դեկտեմբերին, երբ սկսեցի զբաղվել իմ գործերով, թե երբ պիտի վերադառնամ իմ ծառայության վայր։ Դիմել եմ ՊՆ, որևէ մեկը որևէ պատասխան չի տալիս։ Խնդիրն այն է, որ քանի որ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանը չի ուզում՝ ես իր մոտ ծառայեմ, ուրեմն՝ ես չպետք է ծառայեմ։ Թե ինչու չի ուզում՝ ծառայեմ, չգիտեմ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, թե ինչ-որ կոնֆլիկտներ է ունեցել գնդապետ Խաչատրյանի հետ, ինչն էլ, ըստ Գրիգորյանի, վրեժ լուծելու պատճառ է հանդիսացել։ Նա նաև ներկայացրեց մարտական գործողություններին իր մասնակցելու ժամանակ եղած պատկերը։ «Այն 5-6 օրվա մեջ, երբ ես եղել եմ մարտադաշտում, որևէ լավ բան չեմ տեսել։ Այն ուղղությամբ, որտեղ ես եմ եղել այդ ընթացքում, մենք թուրքից 300-500 մետրի վրա կանգնած ենք եղել, չի եղել անգամ կրակոց, օրվա մեջ կարող է մի երկու անգամ մի հինգ «սնարյադ» մերոնք գցեին, մի հինգ «սնարյադ»՝ իրենք, ու այդ նահանջ հրամանը բոլորիս համար անհասկանալի էր։ Եթե գոնե 10-15 կմ մեզնից այն կողմ կռիվ լիներ, այդ ձայները կլսեինք, բայց այդ ձայներն էլ չենք լսել։ Նահանջելուց հետո 60-70 կմ, որ հետ ենք եկել, մեզ անգամ չեն դիմավորել, եկել ենք վերադաս հրամանատարություն ենք ման եկել, որ իմանանք՝ ինչ պետք է անենք, որը չի եղել։ Պատերազմ եղել է, կռվել է 18 տարեկան զինվորը, որն անակնկալի է եկել։ Մոբն անտերության էր մատնված, մարդիկ մոտենում, ասում էին՝ պարո՛ն մայոր, մեզ հրամանատարություն արա»,-ասաց Սերոբ Գրիգորյանը։ Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/mil/3514585?fbclid=IwAR0g8Qzd-Xawh15rREus1DNW-KOa32vHcJXyCOEQI-ooi249KEJte4AF5KU]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր