211652_close_icon
views-count1977 դիտում article-date 21:34 05-02-2021

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» պարսկական նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Մեր հարևան Իրանը» պարսկական նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը. մրցույթը կազմակերպվել էր գրադարանի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, դեսպանության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։

Պատանեկան մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության պարսկերեն ուսուցում իրականացնող դպրոցների սաները, նվիրված էր Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին:

Սահմանվել էր 4 մրցանակային տեղ: Մրցանակների արժանացան մայրաքաղաքի դպրոցների սաները՝ 3-րդ կարգի մրցանակ Լյուսի Եղինյան, թիվ 6 դպրոց, 2-րդ մրցանակ՝ Վիկտորյա Մեսրոպյան, թիվ 136 դպրոց, 1-ին՝ Միլենա Հակոբյան, թիվ 200 դպրոց, հատուկ մրցանակ՝ Էլենա Հայրապետյան, թիվ 136 դպրոց:

Մրցանակները հանձնեցին գրադարանի տնօրեն Ռ.Տոնոյանը, ԻԻՀ դեսպան պարոն Զոհուրին, մշակույթի խորհրդական պարոն Թաբաթաբային և փոխնախարար Ա. Խզմալյանը:

Ռ. Տոնոյանը նշեց, որ գրադարանի և ԻԻՀ դեսպանության համագործակցությունը սկսվել է դեռևս 2006 թ.-ից: «Բազմաթիվ մշակութային, կրթական ծրագրեր ենք իրականացրել, որոնք միտված են եղել երկու ժողովրդի մշակութային համագործակցությանը... Իրանական մշակույթը խորն ու հարուստ է և արտահայտման կարիք ունի: Այս միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր բացահայտելու մեր հարևան Իրանը»,- նշեց նա: ԿԳՄՍ փոխնախարարը, անդրադառնալով հայ-իրանական բարեկամությանը, նշեց, որ դարերի պատմություն ունի նաև հայերի հարգանքը իրանական մշակույթի նկատմամբ: «Մենք պետք է մեր ազգերի փոխադարձ ճանաչողությունը ձևավորենք վաղ հասակից, որը բարեկամական կապերի հիմքն է»,- ընդգծեց նա: 

Կարևորելով երկու երկրների հարաբերությունների սերտացումը՝ պարոն դեսպանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են արվեստի գործերի վերհանմանը, իսկ պարոն Թաբաթաբային հավելեց, որ ամենաճիշտ քաղաքականությունը ներդրումն է երեխաների կրթության մեջ. «Մեր բոլորի պարտականությունն է նպաստել մեր երեխաների միջև մշակութային հարաբերությունների զարգացմանը»:

Միջոցառման ընթացքում գրադարանի ճեմասրահում և իրանական ընթերցասրահում ցուցադրված էին մրցույթի լավագույն աշխատանքները:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր