211652_close_icon
views-count1952 դիտում article-date 14:15 07-02-2021

Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shantnews.am-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 6-ին, Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ցուցադրությունը ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը խոսել է ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին ու նշել, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո չէր համարձակվի ստանձնել ժողովրդի համար զգացմունքային այս ներկայացման նկարահանման աշխատանքները:

«Վստահաբար կարող եմ ասել, որ ես չէի կարողանա նկարել, որովհետև նկարահանման հրապարակում հուզվել եմ. նույնիսկ եթե 11 դուբլ է նկարահանվել ինչ- որ մի տեսարան: Համոզված եմ, որ եթե հիմա անդրադառնայի այս թեմային, հաստատ չէի կարող նկարել. հոգեպես և ֆիզիկապես պատրաստ չէի լինի: Ի սկզբանե նպատակը և գաղափարախոսության ասելիքը և հուզականության դաշտը նախատեսված էր բոլորովին այլ դեպքերի և իրադարձությունների համար: Ցավոք էն աղետը, որ տեղի ունեցավ այս վերջին էտապում, բոլորիս ներաշխարհը փոխեց, բոլորիս հուզվելու ընկալման հատկությունն էլ է հիմա փոխվել, էդ իմաստով ֆիլմը բոլորավին ուրիշ ազդեցություն է ունենում հիմա արդեն: Երևանյան պրեմիերայից հետո մենք զգացինք, թե դահլիճում ինչ հուզական մթնոլորտ էր և կարծում եմ՝ սա տրամաբանական է»-ասել է ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել էր նկարահանման տաղավարների։ Առաջին անգամ հենց բեմում ներկայացման նկարահանումները նորույթ էին ստեղծագործական խմբի համար։

«Մենք այս 44 օրերի ընթացքում էնքան էինք տեսել ու ապրել էդ ցավը, որ ինձ թվում էր՝ մեզ էլ ոչ մի բան չի զարմացնելու ու ոչ մի էմոցիա մենք էլ չենք արտահայտելու, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ էն խոսքը, որ կար, էն ասելիքը, որ ուներ ներկայացումը, որ մենք պիտի շարունակենք ապրել, հիմա առավել քան երբևէ արդիական է. մենք պիտի շարունակենք ապրել, որովհետև պիտի շարունակենք մեր տղաների գործը. մեջքներս բարձր քայլենք առաջ. դա հանուն մեր տղաների ու հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը զոհել են մեզ համար»-նշում է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մանե Մխոյանը:

Ֆիլմում առանցքային են հայ կնոջ ու տատիկի այն կերպարները, որոնք առաջնագիծ են ճանապարհում իրենց որդիներին ու թոռնիկներին և աղոթքներով սպասում նրանց վերադարձին: Հենց այս կերպաներն այսօր մեր իրականության մեջ են, մայրեր, որոնք նորօրյա պատերազմց հետո էլ դեռ  փնտրում ու սպասում են իրենց զավակներին, որդեկորույս ծնողներ, որոնք մխիթարվում են իրենց որդիների հերոսական սխրագործությունների պատմություններով: Դերասանուհիները խոստովանում են, որ թեկուզ բեմում ու խաղարկային, նման կերպարներ մարմնավորելը և հուզական դաշտ ապահովելը եղել է բարդ ու դժվար աշխատանք։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր