211652_close_icon
views-count1596 դիտում article-date 17:43 12-02-2021

Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի

Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը  կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է մարմնամարզության եվրոպական միությունը։  

Մրցաշարը նախատեսված է Շվեյցարիայի  Բազելում՝  ապրիլի 21 - 25-ը։ Առաջնության կազմկոմիտեի ղեկավար Կատրին Ամակերը ափսոսանք  է հայտնել  դատարկ տրիբունաների << ուղեկցությամբ >> մրցաշար անցկացնելու համար: Այնուամենայնիվ, առավել թանկ է մարդու առողջությունը:

Սա կարևոր է մեզ համար: Բանն այն է, որ ինչպես զրույցի ժամանակ ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, մեր թիմին առաջիկայում լուրջ քննություններ են սպասվում:

Դոհայում մարտի ութին կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ ութերորդ փուլը: Այն օլիմպիական վարկանիշային  է և առանձին գործիքների մրցումներում լավագույն արդյունքներ ցույց տվող մարմնամարզիկները կստանան Տոկիո մեկնելու ուղեգիր: Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Գլխավոր մարզիչը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնաժողովում, իսկ Հայկ Նազարյանն ու  Կարեն Բաղդասարյանը կկատարեն մարզչի պարտականությունները:

Հայրենիք վերադառնալուց հետո թիմը ապրիլի մեկից 14 – օրյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Մինսկ կամ՝  Թբիլիսի: Մարզումները կանցնեն  Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով: Կհաջորդի ուղևորությունը Բազել, որտեղ Եվրոպայի առաջնության մեդալներից բացի, կորոշվեն բազմամարտի երկու ուղեգրերի տերերը: Նախատեսվում է պայքարի հանել  մեր հետևյալ հնգյակին. հնաբնակներ Արթուր Դավթյան ,Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, նորեկներ Արթուր Ավետիսյան և առաջին անգամ մեծահասակների հավաքականը համալրած Գագիկ Խաչիկյան:

Հիշեցնենք, որ առայժմ ունենք  չորս օլիմպիական ուղեգիր, որից մեկի հեղինակը մեր առաջատար բազմամարտիկ Արթուր Դավթյանն է:

Նմանատիպ նյութեր