211652_close_icon
views-count4486 դիտում article-date 16:55 18-02-2021

Այսօր Փետրվարյան ապստամբության 100-ամյակն է․ պատմության հերոսական էջերից մեկը

1921 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունեցել ազգային-ազատագրական ապստամբություն։ Պարտվել է 1921 թվականի ապրիլի 2-ին՝ Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի բռնազավթմամբ։

1920 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկները ձերբակալում են Հայաստանի Հանրապետության շուրջ 1000 պաշտոնյաների, մտավորականների, սպաների, այդ թվում՝ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների։ Նրանց մի մասին, առանց դատի, զանգվածաբար սպանում են, մի մասին աքսորում Բաքվի և Ռուսաստանի բանտերը։

Բոլշևիկների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները առաջացնում են ժողովրդի վրդովմունքն ու զայրույթը: Կռիվներն սկսվում են տարերայնորեն, ընդգրկում մի շարք շրջաններ և վերածվում ժողովրդական զինված ապստամբության։ Պայքարի գլուխ են կանգնում խմբապետերը։

Փետրվարի 16-18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը և փետրվարի 18-ին ազատագրում Երևանը։ Երևանի ազատագրումը իրականացվում է առանց լուրջ կռվի, որովհետև ռուսական 11-րդ բանակը այդ օրերին Հայաստանում չէր, բռնազավթում էր Վրաստանը: Երևանում ստեղծվում է «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։

Վախենալով ժողովրդի հաշվեհարդարից, ռուսական դրածո հայ կառավարիչները, բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինների անդամները 2 զրահագնացքով փախչում են Երևանից։ Նրանք կենտրոնանում են Ղամարլու (Արտաշատ) - Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, ընկնելով ապստամբների շրջապատման մեջ։ Խորհրդային Ռուսաստանի վերահսկողությունը պահպանվում է հիմնականում Համամլու (Սպիտակ) - Ղարաքիլիսա (Վանաձոր) - Դիլիջան - Շամշադին (Տավուշ) գոտում։

Մինչև Հայստանից փախչելը՝ բոլշևիկները փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը կացնահարում են Երևանի բանտում պահվող 21 բանտարկյալի՝ նախկին պաշտոնյաների, ռազմական գործիչների, մտավորականների, որոնց բոլշևիկները ձերբակալել էին իշխանության գալուց անմիջապես հետո։ Սպանվածների թվում էին Համազասպ Սրվանձտյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, ֆիդայիներ Սերգոն, Մարկեդոնը, Գրիգորը և այլք։

Ապստամբությունը հենվում էր ժողովրդական զանգվածների, առաջին հերթին արևմտահայ գաղթական բնակչության աջակցության վրա։ Ռազմական գործողություններն սկզբում ընթանում էին փոփոխակի հաջողությամբ, իսկ ռուսական զորքերի վերադարձից հետո ուժերի հարաբերակցությունը դասավորվում է ի վնաս ապստամբների։

Ապստամբության ժամանակ՝ 1921 թվականի մարտի 16-ին, Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը Մոսկվայում ստորագրում են ռուս-թուրքական եղբայրության պայմանագիրը, որով Ռուսաստանն և Թուրքիան պայմանավորվում են կիսել են Հայաստանը: 4 օր անց՝ մարտի 20-ին, 11-րդ բանակի ռազմական խորհրդի անդամ Գեորգի Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացնում Հայաստանին։ Ռուսական 11-րդ բանակի ուժերով կազմավորվում է Երևանի ուղղության զորքերի խումբ, որը խնդիր է ստանում գրավել Երևանը։ Երևանի վրա հարձակումը կատարվում է Սևանի և Համամլուի (Սպիտակ) ուղղություններից: Արդյունքում Ռուսաստանը ապրիլի 2-ին  գրավում է Երևանը, և վերահաստատում իր կողմից դրածո վարչախմբի իշխանությունը։

Ապստամբները, հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, դիմադրություն ցույց չեն տալիս։ Նրանք Բաշ-Գյառնիի վրայով նահանջում են Զանգեզուր և միանում Գարեգին Նժդեհի ղեկավարած ազատագրական պայքարին։ Ռուսաստանը զորք է մտցնում Հայաստան, միաժամանակ Թուրքիան զորք է մոտեցնում Հայաստանի սահմաններին: Չունենալով բավարար միջոցներ ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար, Հայաստանի փրկության կոմիտեն, հարյուրավոր մտավորականներ և սպաներ փախչում են Հայաստանից:

Փետրվարյան ապստամբության շնորհիվ բանտերից և վերահաս հալածանքներից ազատվել են հարյուրավոր հայ մտավորականներ և սպաներ:

Փետրվարյան ապստամբությունը Հայաստանի պատմության հերոսական էջերից է, որը խորհրդային բռնազավթման տարիներին ոգեշնչել է Հայաստանի անկախության պայքարի նվիրյալներին: Փետրվարյան ապստամբությունը հայ ժողովրդի ազատատենչության և արդարամտության վկայություններից մեկն է: 

Երևանի թատերական այգում (Անգլիական այգի) կանգնեցված է խաչքար ի հիշատակ փետրվարի 18-ին Երևանի բանտում կացնահարվածների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր