211652_close_icon
views-count1328 դիտում article-date 19:24 23-02-2021

ՀՀ քննչական կոմիտեն և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ը համաձայնագիր են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի միջև այսօր՝ փետրվարի 23-ին, Քննչական կոմիտեում ստորագրվեց համաձայնագիր:

Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և «Երևանի Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն»-ի տնօրեն, համալսարանի հիմնադիր, ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

Համաձայնագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահը, կարևորելով համաձայնագրի ստորագրումը, նշեց, որ այն հիմք կհանդիսանա կառույցների միջև սերտ համագործակցություն ձևավորելու գործում՝ միաժամանակ ընդգծելով ուսումնական հաստատությունում քրեագիտություն առարկայի դասավանդման առանցքային դերը:

«Որպեսզի անձը լավ քննիչ համարվի, չափազանց կարևոր է, որ նրա մոտ կրիմինալիստիկական գիտելիքները լինեն բարձր մակարդակի վրա»,- ասել է Հայկ Գրիգորյանը:
Իր հերթին Ժորա Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար, նշեց.

«Գլաձոր» համալսարանում կրիմինալիստիկայի կենտրոնի բացումը ուներ մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացմանը»:

Անդրադարձ կատարվեց նաև նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների կազմակերպմանը:

Նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային, արդիական և պահանջում է համալիր լուծում և համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ է՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերի շարքում:

Փաստաթղթի ստորագրումը նպատակ է հետապնդում՝ բարձրացնելու նախաքննության ընթացքում նշանակվող փորձաքննությունների ինչպես որակը, այնպես էլ՝ դրանց իրականացման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև՝ կանխելու նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է նաև մասնագիտական ոլորտում փորձի փոխանակում՝ ճանաչողական այցերի, խորհրդատվությունների, կլոր սեղանների և գիտաժողովների անցկացման միջոցով, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, ինչպես նաև՝ մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր