211652_close_icon
views-count1314 դիտում article-date 18:52 25-02-2021

Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հրավիրել էր խորհրդակցության՝ հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության  բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով:

Խորհրդակցությունը մասնակցում էին  ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, կարևորելով կենդանիների պատվաստումների գործընթացը, նշել է, - «100 տոկոսով վերահսկել անասնահամաճարակային իրավիճակն առանց կենդանիների հաշվառման ու համարակալման, իհարկե, դժվար խնդիր է, սակայն լիահույս եմ, որ այս տարի համարակալման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները կամբողջացվեն:

Իսկ մինչ այդ՝ պետք է ժամանակին սկսել պատվաստումների գործընթացը և համատեղ ուժերով անել հնարավորը կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»:  

Կենդանիների պատվաստումները ժամանակին կատարելու ու հաշվառման գործընթացին է անդրադարձել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը: «Առկա են թե սիբիրախտի, թե դաբաղի պատվաստանյութերը, որոնք արդեն բաշխվել են ամբողջ հանրապետությունում, սկսվել են պատվաստման աշխատանքները: ՍԱՏՄ մարզային կառույցների և մեր համաճարակաբանների սերտ համագործակցությունն անկասկած արդյունքներ տալիս է»,- ասել է նա:

ՍԱՏՄ մարզային կառույցների ղեկավարներն առաջարկել են կազմել պատվաստումների ժամանակացույց ամսական կտրվածքով՝ հաշվի առնելով մարզերի աշխարհագրական ու կլիմայական առանձնահատկությունները, աշխատանքներն անել հնարավորինս համաձայնեցված՝ ՍԱՏՄ տեսուչի, համաճարակաբանի և անասնաբույժի մասնակցությամբ:

Խորհրդակցության մասնակիցները շեշտել են համատեղ քննարկումների արդյունավետությունը թե անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողության համար առաջացող խնդիրներրի լուծման, թե անասնաբուժական ծառայությունների առաջնահերթ քայլերի հստակեցման, թե անասնաբույժների վերապատրաստման և նոր կադրերի ներգրավման տեսակետից: 

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր