211652_close_icon
views-count5051 դիտում article-date 23:58 28-02-2021

Կարպիս Փաշոյան. Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց համազգային շարժման ստեղծած հանրապետությանն ու դա հաջողվեց նրա մոտ

Վերլուծաբան Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարածաշրջանային քաղաքական բազմաշերտ փոխհարաբերություններում Փաշինյանի և Էրդողանի պատմական առերեսումը շատ խորհրդանշական է։ Այս երկուսն իհարկե տարբեր տրամաչափի, մտածողության և աշխարհայցքի գործիչներ են, բայց, այնուամենայնիվ, նրանք մեկ ընդհանրություն ունեն, երկուսն էլ պայքարում են հանրապետության դեմ։

Այլ խոսքով՝ Էրդողանը պատերազմ է հայտարարել Աթաթուրքի ստեղծած հանրապետությանը, իսկ Փաշինյանը փորձում է կազմաքանդել Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած հանրապետությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց հանգամանքն այս խիստ հավանական է դարձնում Հայաստան-Թուրքիա ապագա մերձեցումը։

Սա շատ վտանգավոր ձեռնարկ է, քանի որ դրա հիմքում երկու հանրապետությունների մերժումն է։ Էրդողանի շարժվում է Օսմանյան կայսրության մոլուցքով, իսկ Փաշինյանը ռուսահայստանը թուրքահայաստանով հակադրելու մտայնությամբ։ Մեծ հաշվով խաղարկվում է Հայաստանը իրաքյան Քրդստան դարձնելու սցենարը։
Հայաստան-Թուրքիա իրական միջպետական երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերից գործի անցնեն քեմալականներն ու լևոնականները։ Այս նախադասության մեջ ամենակարևոր բառը միջպետականն է, քանի որ վերևում մատնանշված մերձեցումը միջպետական չէ։

Վերադառնալով Հայաստանի ներքաղաքական տարածություն՝ նշենք, որ վերևում շեշտադրված հանգամանքով է պայմանավորված Փաշինյանի տարբերությունը Քոչարյանից ու Սարգսյանից։

Շատերը պնդում են, թե Հայաստանի Հանրապետության անկումը մեկնարկել է 1998 թ․-ի իշխանափոխությունից կամ էլ հոկտեմբերի 27-ից հետո։ Սա դեմագոգիա է, ընդամենը մանիպուլյատիվ հնարք, որի նպատակն է մեղմացնել Հայաստանը կազմաքանդման շեմին հասցրած Փաինյանի մեղքը։

Այսինքն, արհեստականորեն ձևավորվում է պատճառայնության փակ շղթա, որը Հայաստանի ջախջախումն ու կազմաքանդումը դիտարկում է անխուսափելի անհրաժեշտություն։ Իրականում այդպես չէ։ Մեծ հաշվով Հայաստանի երկրորդ և երրորդ նածագահները լևոնականներ են, ոչ թե առաջին նախագահի հետևորդը լինելու տեսանկյունից, այլ՝ Հայոց համազգային շարժման հիմնադրած հանրապետությունը պահպանելով։

Ավտորիտար, թե կոռումպացված, մաֆիոզ, թե բռնությունը առաջնային գործիք դարձրած, նրանց օրոք հանրապետությունն ու պետական ինստիտուտները գոյություն են ունեցել։ Իրականում սա պետությունների զարգացման օրինաչափության սովորական մի դրսևորում է, թե ինչպես են հանրույթները աստիճանաբար ավտորիտարիզմից անցում կատարում դեպի մարդկային դեմքով ավտորիտարիզմ և հետո ժողովրդավարության։ Պետությունն իր բնականոն ընթացքի մեջ էր․ կոռումպացված էր, պետք է դառնար ավելի քիչ կոռումպացված, ավտորիտար էր, պետք է դառնար ժողովրդավարական։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Հայաստանի այս ընթացքը, նա մարտահրավեր նետեց համազգային շարժման ստեղծած հանրապետությանն ու դա հաջողվեց նրա մոտ։

Տերպետրոսյանական Հայաստանը ջախջախված է, մնացել են միայն վերջին մնացորդները, որոնք փորձում են փրկել հայկական բանակի գեներալները։ Այս պահի դրությամբ գեներալներին ես դիտարկում եմ որպես հանրապետության պահապաններ։ Ճակատագրի հեգնանքով վերջիններիս դատապարտում է հենց Թայիփ Էրդողանը, որը բոլորովին վերջերս արյան մեջ խեղդեց Թուրքիայի Հանրապետության պահապանների՝ բանակի ապստամբությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր