211652_close_icon
views-count3352 դիտում article-date 19:21 07-03-2021

Արամ Օրբելյան. ՀՀ նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով կարող է Սահմանադրական դատարան դիմել մինչև մարտի 9-ը ներառյալ

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը Linkedin-ի իր էջում ծավալուն վերլուծություն է ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահի կողմից ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագրի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ժամկետների հետ: 

Ստորև ներկայացված վերլուծությամբ փաստաբանը եզրահանգման է գալիս, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը առարկություններով վերջինին վերադարձնելուց հետո ութերորդ/իններորդ օրը, այսինքն Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ (քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է: 

«Վերջին շաբաթվա ընթացքու տարբեր կարծիքներ հնչեցին առ այն, թե ինչ ժամկետում պետք է Հանրապետության նախագահը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով իրեն ներկայացված վարչապետի միջնորդությանը կից ներկայացված նախագահի հրամա­նագրի նախագծի սահմանադրականության հարցը (Օնիկ Գասպարյանին ՀՀ Գլխավոր շտաբի պաշտոնից ազատելու մասին): Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էի, որ գործընթացն առոչինչ է, և չի առաջացնում իրավական հետևանքներ, և որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել (չունի որոշման ազատություն) Սահմանադրական դատարան:

Քննարկման առարկ է դարձել, թե ինչ ժամկետում է Հանրապետության նախագահը պարտավոր դիմել Սահմանադրական դատարան: Որոշ վերլուծություններում նշվում է, որ Նախագահը պետք է Սահմանադրական դատարան դիմել վարչապետի կողմից առաջարկությունը կրկին ներկայացնլեուց հետո եռօրյա ժամկետում, մյուսները նշում են, որ եռօրյա ժամկետը պետք է հաշվարկվի Հանրապետության նախագահի կողմից առա­ջին անգամ ներկայացված միջնորդությունը վերադարձնելուն հաջորդող հինգօրյա ժամկե­տից հետո (այսպես կոչված ութօրյա ժամկետ):

Սույն վերլուծությամբ հիմնավորում ենք, որ Հանրապետության նախագահն իրա­վասու է Սահմանադրական դատարան դիմել ութօրյա ժամկետում:

1. Ժամանակագրություն

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

2021 թ. փետրվարի 27-ին Հանրապետության նախագահն արձանագրել է,

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»:
Համապատասխանաբար, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, Հանրապետության նախագահն առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

2021 փետրվարի 27-ին Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում արձանագրել է

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին:

2021թ. մարտի 1-ին Հանրապետության նախագահը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես արձանագրել է՝

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով
Այսպիսով, ժամկետների մասին հիմնական հարցադրումը հետևյալն է՝ որ առաջարկվող նախագաիծը չի համապատասխանում Սահմանադրությանը (ինչպես նշված է հաղորդագրության մեջ), մինչև երբ է իրավասու Սահմանադրական դատարան դիմել Հանարապտեության նախագահը՝ մինչև մարտի 4/5-ը (առարկությունները ստանալուց հետո երրորդ օրը /կամ դրան հաջորդողղ օրը - ակտերի ուժի մեջ մտնելու օրը (վերջին օրը կամ հաջորդ օրը) սույն վելրուծության առարկայից դուրս է, դրա համար առանձին չեմ անդրադառնում/, թե մինչև մարտի 7/8 - քանի որ ոչ աշխատանքային օր է, ապա՝ մինչև մարտի 9՝ իր առարկությունները վարչապետին ներկայացնելուց հետո ութերորդ օրը (առարկություններն ընդունելու համար նախատեսված հինգօրյա ժամկետից ավարտից հետո երրորդ օրը):

2. գործող իրավական ակտերի վերլուծություն

Որպես հարցի քննարկման առաջին կետ պետք է անդրադառնանք Սահման­դրության տեքստին: Համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի (որը կարգավորում է Հանրապետության նախագահի իրավական ակտերը և դրանց ընդունումը) 2-րդ և 3-րդ մասերի

«2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդ­վածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առա­ջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրա­պետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:»
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանի իրավասությունը սահման­ված է Սահմանադրության 168-րդ հոդվածում, որի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն

«Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մա­սին օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետու­թյան նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառա­վարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.

Սահմանադրության 169-րդ հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատա­րան դիմելու հետ կապված իրավահարաբերությունները (ով կարող է դիմել որ հարցով): Նշված հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետի համաձայն՝

«1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝

4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդ­վածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչ­պես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպ­քե­րում.»

Նշված նորմերի վերլուծությունից կարելի է կատարել երկու եզրահանգում

Սահմանադրությունը տարանջատում է Հրամանագրերի սահմանադրականնու­թյան հարցով ՍԴ դիմելու (168-րդ հոդվածի 1-ին կետ) և վարչապետի առաջարկու­թյանը կից ներկայացված հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով (139-րդ հոդվածի 2-րդ մաս) Հանրապետության նախագահի՝ Սահմանա­դրական դատարան դիմելու դեպքերի միջև, և
Սահմանադրական դիմելու հարցով որևէ ժամկետ ուղղակի կերպով (explicit) Սահմանադրությամբ սահմանված չէ, սակայն նշվածը կարող է բխել այլ նորմերի վերլուծությունից, ինչի մասին ավելի մանրամասն կներկայացնենք ստորև:

Միևնույն ժամանակ Սահմանադրության 139-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարան դիմելու՝ Հանրապետության նախագահի իրավասությունը (և դրա իրագործման ժամկետը) կապում է համապատասխան ակտի ուժի մեջ մտնելու հետ: Չնայած ուղղակիորեն ժամկետային սահմանափակում չկա, սակայն ըստ էու­թյան Սահմանադրությունը դա փոխկապակցում է ակտի՝ ուժի մեջ մտնելու հետ: Ասյինքն Հանրապետության նախագահը 139-րդ հոդվածի 2-րդ մասով իրավասու է դիմել Սահմա­նադրական դատարան ցանկացած ժամանակ, քանի դեռ նախագիծը իրավունքի ուժով չի մտել ուժի մեջ (դրանից հետո Հանրապետության նախագահը կարող է վիճարկել արդեն իսկ ուժի մեջ տած հրամանագրի սահմանադրա­կանությունը 168-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա):

Հիմնական վեճը ժամկետների հետ կապված առաջանում է օրենսդրությունում առկա հնարավոր հակասությունների պատճառով (իրականում հակասու­թյուն չկա, ինչպես ցույց կտրվի ստորև):

Ժամկետները հստակեցված են Սահմանադրական դատարանի մասին սահմա­նադրական օրենքով (ՍԴ մասին օրենք) և նաև ժամկետներ են սահմանված Զինվորա­կան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով (Զինծառա­յու­թյան օրենք)

Այսպես ՍԴ մասին օրենքի 86-րդ հոդվածը կարգավորում է 139-րդ հոդվածի 2-րդ մասով [150-րդ հոդվածով] նախատեսված հարցերով գործի քննությունը Սահմանա­դրա­կան դատարանում: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դի­մում է Հանրապետության նախագահը՝ իր առարկություններն իրավա­սու մարմնի կողմից չընդունվելու կամ Կառավարության առա­ջարկված անդամին չնշանակելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:»

Միևնույն ժամանակ Զինծառայության մասին օրենքի 35.1-րդ հոդվածը կարգա­վորում է ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն (վաչապետը միջնորդու­թյունը ներկայացրել է նշված իրավական հիմքով, և անկախ դրա իրավաչափ ու կիրա­ռելի լինելու կամ չլինելու հանգամանքից Սահմանադրական դատարան դիմելու հարցը կարգավորվում է նաև այս մասով) Հանրապետության նախա­գահի հրամանագիր ընդունելու կարգը (ներառյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը): Համաձայն նշված հոդվածի 3-5-րդ մասերի՝

«3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապե­տության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախա­գահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստո­րագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:»

Այսպիսով ՍԴ մասին օրենքը (որը Սահմանադրական դատարանի գործունեու­թյունը կարգավորող օրենքն է) սահմանում է եռօրյա ժամկետ՝ Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու դեպքում սահմանադրական դատարան դիմելու համար:

Միևնույն ժամանակ ՍԴ մասին օրենքը չի կարգավորում (և վերջինիս կարգավորման առարկայից դուրս է) վարչապետի կողմից առարկությունները ընդու­նելու կամ չընդունելու հարցը, ներառյալ դրա ձևը և ժամկետները):

Դրան զուգահեռ Զինծառայության մասին օրենքը՝ ի հավելում Սահամնադրական դատարան դիմելու ժամկետի (կրկին եռօրյա ժամկետ է սահմանված, ինչով և այն համապատասխանում է ՍԴ մասին օրենքին), նաև սահմանում է վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընունելու կարգը, այն է առարկությունները ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետը չի դիմում Հանրապետության նախագահին դրանք ընդունելու մասին, կամ Հանրապետության Նախագահին վերադարձնում է միջնորդությունը և անցնում է հինգ օր:

Այսինքն, Նախագահի առարկությունները համարվում են չընդունված միայն Հանրապետության նախագահի կողմից առարկությունները ներկայացնելուն հաջորդող հինգերորդ օրը և ոչ ավելի շուտ:

Նշված օրենքների համադրված վերլուծությունը բխում է նաև նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման կանոններից: Այսպես Նորմատիվ իրավական ակտերի 41-րդ հոդվածը սահմանում է նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման կանոնները, համաձայն որի

«1. Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առ­նելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտու­թյունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմա­տիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբե­րու­թյունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»

Նշվածի համաձայն պետք է հաշվի առնել ՍԴ մասին օրենքում սահմանված ժամ­կետների դրույթների (դրանց հաշվարկման սկզբի հարցը որոշելիս) ընդունման նպա­տակը և ընդհանուր առմամբ Սահմանադրական կարգավորումները: Նշվածի համաձայն օրենքների մեկնաբանման կարևորագույն կանոններից է դրանց՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանումը:

Այսինքն, եթե հնարավոր է երկու մեկնաբանություն (եռօրյա ժամկետը հաշվում են վարչապետի գրությունը Հանրապետության նախագահի կողմից ստանլու պահից և եռօրյա ժամկետը հաշվարկվում է առարկություններ ներկայացնելու հնգօրյա ժամկետը անցնելու պահից), պետք է ընտրվի այնպիսի մեկնաբանություն, որը կհամապատաս­խանի օրենսդրի կամքին և Սահմանադրությանը (և սահմանադրի կամքին):

Այս համատեքստում կարևոր է Սահմանադրության կարգավորումները Նախա­գահի կարգավիճակի և գործառությների վերաբերյալ, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ սահմանելու նպատակը: Այսպես, համաձայն Սահմա­նա­դրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝

«2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:»

Նշված գործառույթից և Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների համադրված վերլուծությունից բխում է, որ Հանրապետության նախագահը իրավասու է դիմել Սահմանադրական դատարան ցանկացած ակտի սահմանադրականության հարցով՝ առանց ժամկետային սահմանափակման:

Հետևաբար 139-րդ հոդվածի 2-րդ մասի գործերով Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ սահմանելն ունի միայն մեկ նպատակ, դա գործընթացների բնականոն ընթացքը չխաթարելն է: Իրականում նշված ժամկետը նախատեսվել է ոչ թե որպես ժամկետային սահմանափակում Սահմա­նադրական դատարան դիմելու համար (ի հա­կադրություն անհատական դիմումների համար նախատեսված ժամկետների), այլ նախատեսված է հրամանագրի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու իրավական ֆիկցիան իրագործելու նպատակով: Ինչպես նշվեց վերը Հանրապետության նախագահը կարող է դիմել դատարան նշված հիմքով այնքան ժամանակ, քանի դեռ ակտը ուժի մեջ չի մտել իրավունքի ուժով, հակառակ դեպքում կստացվի դեպք, որ Հանրապետության նախա­գահը զրկված կլինի իրավական ակտը (կամ նախագիծը) Սահմանադրական դատարա­նում վիճարկելու հնարավորությունից և հետևաբար զրկված կլինի Սահմանադրության պահպանման իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից, ինչը որևէ մեկնա­բանության արդյունքում չի բխում Սահմանադրությունից:

Միանշանակ է, որ Զինծառայության մասին օրենքի 35.1-րդ հոդվածի հիման վրա նախատեսված նախագահի հրամանագիրը՝ Հանրապետության նախագահի կողմից դրա սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, ուժի մեջ կմտնի Հանրապեության նախագահի առարկությունները վարչապետին ներկա­յացնելուց հետո դրանց հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու համար նախատեսված հնգօրյա ժամկետը ավարտվելուց հետո եռօրյա ժամկետը լրանալցու հետո (չորրորդ օրը), և ոչ ավելի շուտ:

3. Ժամկետների հարցով այլ մեկնաբանության «անհեթեթ» հնարավոր հետևանքները, որպես ևս մեկ մեկնաբանության գործիք

Ժամկետների հարցով տարբերվող մեկնբանությունը բերում է նաև այլ հակա­սության (կազուսային վիճակի): Զինապարտության մասին օրենքի 35.1-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորում են այն դեպքը, երբ Հանրապետության նախագահը ամեն դեպքում օրենքով սահմանված ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան: Համաձայն նշված կարգավորումների՝

«4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչա­պետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջար­կությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստո­րագրում է հրամանագիրը:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապե­տի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկու­թյունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վար­չապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն»:

Օրենքը չի սահմանում, թե ինչ պետք է լինի, եթե ակտը դեռևս ուժի մեջ չի մտել (քանի որ օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը դիմել է Սահմանադրական դատարան), իսկ վերջինս այլ կերպ մեկնաբանելով ՍԴ մասին օրենքը վարույթ չի ընդունում դիմումը, նշելով որ այն չի ներկայացվել ՍԴ մասին օրենքով սահմանված ժամկետում: Այդ դեպքում առկա չի լինի ոչ Սաահմանադրական դատարանի որոշում հրամանագրի նախագիծը Սահմանադրությանը համապատասխանող ճանա­չելու, ոչ էլ հակասող ճանաչելու վերաբերյալ: Այս դեպքում փաստացի ակտը ուժի մեջ չի մտնի, սակայն նախագծի սահմանադրականությունը նույնպես քննության առարկա չի դառնա: Կստացվի, որ Հանրապետության նախագահը ստանում է գործիք խաթարելու խորհրդարանական երկրին բնորոշ գործընթացները:

Հետևաբար տվյալ երկու օրենքերի մեկնաբանման ցանկացած կանոնի կիրառման դեպքում պետք է գալ եզրահանգման, որ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանում է Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը առարկություններով վերջինին վերադարձնելուց հետո ութերորդ/իններորդ օրը, այսինքն Հանրապետության նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան մինչև մարտի 9-ը ներառյալ (քանի որ մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է:

Նմանատիպ նյութեր