211652_close_icon
views-count3228 դիտում article-date 10:30 10-03-2021

Պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերը հիմնականում բացահայտվել են. Արցախի ոստիկանապետ

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ընթացքում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին, ոստիկանության կրած կորուստներին, այդ ընթացքում իրականացված կողոպուտի դեպքերի բացահայտման աշխատանքներին ու հետպատերազմյան անելիքների առաջնահերթություններին:

-Պարոն Հարությունյան, Արցախի ոստիկանները, ոչ միայն հասարակական կարգի ու պատերազմից բխող մյուս գործառույթների պահպանության առաջնագծում էին, այլ նաև՝ ռազմաճակատում: Ինչպիսի մարտահրավերների ու խնդիրների դիմագրավեց Արցախի ոստիկանությունը 44-օրյա պատերազմի օրերին և ինչպես հաջողվեց հաղթահարել: Ինչպիսի՞ մարդկային կորուստներ ունեցավ համակարգը:

-Համակարգը պատերազմը հաղթահարեց կորուստներով, հարազատ մարդկանց կյանքի գնով: Պատերազմը վերախմբագրեց մեր անցածն ու ունեցածը և այն, ինչ ունենք հիմա: Մարտահրավերներն ու խնդիրները եղել են և կան, բայց մենք երբեք չենք ընկրկում՝ մեր ամբողջ ներուժն իրացնելու և ավելին ունենալու հարցում: Նկատի ունեմ ունեցածի հիմքի վրա կառուցել ավելի կայացած ու ուժեղ համակարգ, որը պայքարելով իրավախախտումների դեմ՝ էլ ավելի կվայելի մեր հասարակության հարգանքն ու վստահությունը:

Ոստիկանական հավաքական գումարտակը պատերազմի առաջին օրվանից կանգնեց զինվորի կողքին՝ հայրենիքի պաշտպանության դիրքում: Ռազմագործողությունների ընթացքում համակարգն ունեցավ մարդկային 11 կորուստ: Զոհերից բացի, ունեցանք 3 տասնյակից ավելի վիրավորներ, որոնք մինչև այսօր տարբեր բուժհաստատություններում շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: Թերևս, սա այն իրողությունն է, որը մեզ զգաստացնում է, որպեսզի այսուհետ էլ ավելին պիտի անենք: Հանուն տղաների հիշատակի և սխրագործությունների՝ այլևս երբեք սխալվելու իրավունք չունենք:

-Պատերազմի օրերին ինչով էր առանձնահատուկ ոստիկանի աշխատանքը թիկունքում: Ի՞նչ անհրաժեշտություններ էին առաջացել հասարակական կարգի ապահովման գործում և որքանո՞վ հաջողվեց ապահովել դրանք:

-Խաղաղության օրերին ոստիկանի առաքելությունը միտված է երկրի ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը: Պատերազմի օրերին Արցախի ոստիկանների համար պայքարի տարբեր ճակատներ բացվեցին: Նրանք ամենուր էին՝ սկսած առաջնագծից, մինչև պարեկապահակային և ճանապարհապարեկային ծառայության առաքելություն: Այս պատերազմում, ոստիկանն իրեն վերապահված ծառայությունն իրականացրեց արժանապատվությամբ և չպարտվեց: Կցանկանայի շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր նվիրյալներին:

-Հետպատերազմյան առաջին օրերին, և ոչ միայն, բարձրաձայնվեց նաև պատերազմի օրերին գողության դեպքերի մասին: Դրանք մասնակի դեպքեր էին, թե հաճախակի են եղել: Ընդհանրապես ինչպիսի՞ չափեր են ունեցել այդ դեպքերը և ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց բացահայտման ուղղությամբ:

-Ցավոք, այո, այդպիսի դեպքեր ևս արձանագրվել են: Գողության կամ ուրիշի սեփականությանը միտումնավոր վնաս պատճառելու հիմնական դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ բնակչությունը տարհանվել էր՝ մայրաքաղաքում և մյուս բնակավայրերում շարժ գրեթե չկար: Այդ ժամանակ էլ տեղի են ունեցել տարաբնույթ հանցագործություններ: Ստացված բոլոր հաղորդումներն ընթացքավորվել են սահմանված կարգով, ու դրանց մեծ մասն արդեն բացահայտված է: Վստահեցնում եմ, որ մյուս բոլոր դեպքերը ևս կբացահայտվեն:  

-Ի՞նչ ընդհանրական, հանրային հնչեղություն ստացած այլ հանցագործության ու հանրային կարգի խախտման դեպքեր են արձանագրվել պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում, որոնք ինչ-որ տեղ պայմանավորված էին նաև պատերազմի հանգամանքով ու հետևանքներով:

-Որպես համակարգի ղեկավարի, ինձ համար հանցավորության դեմ տարվող պայքարն առաջնային է՝ անկախ հանցատեսակից: Ցավոք, մեր կողքին կան այնպիսի մարդիկ, որոնք պատերազմի օրերին օգտվել են ստեղծված ծանր իրավիճակից: Հիմնականում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության և տրանսպորտային միջոցներին ապօրինաբար տիրանալու դեպքեր: Այդ հանցագործությունների մեծ մասն արդեն իսկ բացահայտված է:

-Հետպատերազմյան իրողություններն ինչպիսի՞ խնդիրներ են առաջադրել Արցախի ոստիկանությանը և ի՞նչ լուծումներ են նախատեսվում:

-Խնդիրներ որպես այդպիսին չկան: Ընդհանուր առմամբ, համակարգն այժմ փորձում է նախկին հունի մեջ մտնել և շարունակել ծառայությունը, պատշաճ կերպով պահպանել երկրի ներքին անվտանգությունը: Ներքին գործերի նախարարության ստեղծման հետ կապված՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխությունների ուղղությամբ:

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր