211652_close_icon
views-count4836 դիտում article-date 17:26 16-03-2021

Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը. Գևորգ Կոստանյան. Aysor.am

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր է տեղեկացել Ինտերպոլի՝ Մարտի 1-ի գործի հետ կապված իր վերաբերյալ փաստաթղթի մասին։

«Եթե ես այդ փաստաթուղթն ունենայի իմ տրամադրության տակ կամ տեղյակ լինեի, ես ավելի վաղ այդ ամենը կանեի, այնպես որ՝ Թագուհի Թովմասյանի հրապարակածն ինձ համար անակնկալ էր ու շատ հաճելի անակնկալ էր», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Գևորգ Կոստանյանը։

Նա ասաց, թե մինչև հիմա Ռուսաստանի Դաշնության դատախազությունն ու իրավապահ մարմիններն էին մերժել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ հետախուզում հայտարարել իր նկատմամբ՝ նշելով, թե իրականացվում է քաղաքական հետապնդում:

«Ի սկզբանե՝ Մարտի 1-ի գործի հետ կապված ես իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ ասելով, որ ապացույց ընդհանրապես գոյություն չունի: Երբ մեղադրանք առաջադրվեց, ես ասացի՝ գոնե մեկ ապացույց թող ներկայացնեն, ես իմ մեղքն ընդունեմ դրանից բխող հետևանքներով: Բնականաբար, չարեցին: Ավելին, ես հայտարարեցի՝ թող հրապարակային քննարկում կազմակերպեն, ես այդ պահին գամ Հայաստան ու հրապարակային ներկայացնեմ ամբողջ դիրքորոշումը, և ես, ինչպես պնդել եմ այն ժամանակ, որ ոչ մի ապացույց չկա իմ հետ կապված որևէ հարցով, փաստորեն, դա հաստատվեց Միջազգային ոստիկանության կողմից», - նշեց Կոստանյանը։

Նախկին գլխավոր դատախազի խոսքով՝ ապացուցողական բազա ընդհանրապես չկա նաև Մարտի մեկի գործով բոլոր մնացած անձանց վերաբերյալ, որովհետև այդ գործերը բոլորն իրար հետ պետք է փոխկապակցված լինեն ու, եթե մեկի վերաբերյալ ընդհանրապես որևէ ապացույց չկա, դա մեխանիկորեն ենթադրում է նաև մյուսների նկատմամբ ապացույցների բացարձակ բացակայությունը։

Կոստանյանը պնդեց՝ ինչպես նախկինում, այսօր էլ հայտարարում է՝ այս ամենը անհետևանք չի մնալու, առավել ևս այն պարագայում, որ կա համաշխարհային կարծիք՝ այս ամենը կեղծ էր, ձևական ու քաղաքական բնույթի։

«Այս փաստաթուղթը, որը հրապարակվեց, անբեկանելի ապացույց է, ինչը նշանակում է, որ, վստահաբար, մի շարք մարդիկ՝ թե դատախազներ, թե քննիչներ՝ իրենց ղեկավարներով հանդերձ, ունեն անբեկանելի մեկ ապացույց, որն իրենց մեղադրանքի հիմքն է։ Իհարկե, անխուսափելիորեն պատասխանատվության են կանչվելու ու ենթարկվելու ու արդեն իրենցից ոչ մեկ չի կարող ասել՝ «մենք օրենքով էինք ղեկավարվում», որովհետև հիմա ոչ թե քաղաքական մարմին, այլ՝ միջազգային իրավական մարմին ասաց՝ «տղերք, դուք ոչ միայն օրենքով չեք ղեկավարվել, այլև՝ ապօրինություններ եք արել»։ Այսինքն՝ մեր դատախազության, ՀՔԾ-ի ու իրենց քաղաքական պատվիրատուների հանցանքը հիմնավորվեց Ինտերպոլի կողմից տրված փաստաթղթով», - ասաց Գևորգ Կոստանյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր