211652_close_icon
views-count1959 դիտում article-date 23:20 19-03-2021

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը

Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են երկրորդ ընթերցմամբ քննարկման համար: Նախագծից դուրս է եկել դատական սանկցիաների հետ կապված հատվածը: Մի շարք կանոնակարգումներ ևս հանվել են նախագծից:

Վարդանյանն անդրադարձավ նաև բավականին մեծ քննարկում առաջացրած կանոնակարգմանը, որը վերաբերում էր մեկ դատավորից գործեր վերցնելուն և մյուսին հանձնելուն: «ԲԴԽ-ն ունի լիազորություն՝ բաշխելու և վերաբաշխելու գործերը: Դատական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է առանձնակի բարդության գործերի հետ կապված ընթացակարգեր: Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը ԲԴԽ-ի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում առանձին տեսակի կամ բարդության այն գործեր, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են վերաբաշխվել ԲԴԽ-ի սահմանած կարգով»,-ասաց պատգամավորը:

Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ հնչեցված քննադատությունների մեծ մասը փոփոխություններով փարատվել է:  Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ստացավ 81 կողմ, 15 դեմ ձայներ:

ԼՀԿ-ն առաջին ընթերցմամբ քննարկմանը կտրականապես դեմ էր արտահայտվել նախագծին:

Նմանատիպ նյութեր