211652_close_icon
views-count2830 դիտում article-date 09:49 23-03-2021

Պատրաստվում է արդյո՞ք Սպիտակ տունը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկյան պաշտոնական և հանրային շրջանակներն անդրադառնում են Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական հնարավոր ճանաչման հարցին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սպիտակ տունը չունի որևէ նորություն այս հարցում մեր քաղաքականության կապակցությամբ, լրագրողների հետ մամլո ասուլիսի ընթացքում արձագանքել է Սպիտակ տան մամլո քարտուղարն ի պատասխան Ամերիկայի ձայնի հնչեցրած հարցին՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր պաշտոնական ճանաչման մասին:

Ճանաչման հարցը շարունակում է շոշափվել ամերիկյան տարբեր պաշտոնական և հանրային շրջանակների կողմից: Նախօրեին հայկական ծագում ունեցող ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմմերը իր մարտի 20-ի թվիթերյան գրառման մեջ գրել էր՝ «Սպիտակ Տուն. ԱՄՆ-ը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Բրեմմենը մարտի 22-ի իր թվիթերյան գրառումներում հավելել է, որ Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյա, ում հարց է ուղղվել ապրիլի 24-ին հիշատակի օրվան նվիրված ակնկալվող հայտարարության մասին, ասել է, որ Բայդենը իր խոսքի տեր մարդ է: Բրեմմենի կարծիքով՝ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ կզայրացնի Էրդողանին, կբարդացնի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը և կնպաստի Անկարայի մեկուսացմանը: Ըստ նրա՝ այս քայլը պետք է դիտարկել Մերձավոր Արևելքի ավելի լայն քաղաքականության համատեքստում, որով նախագահ Բայդենը ավելի քիչ կաշկանդված է դառնում տարածաշրջանային որոշումներ ընդունելիս:

Այս գրառմանը հաջորդել է ամերիկյան ԶԼՄների անդրադարձը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան դիրքորշման վերաբերյալ: Մասնավորապես, The Hill պարբերականը մարտի 21-ին հաղորդել է այս հարցի վերաբերյալ Սպիտակ տան բարձրաստիճան անանուն աղբյուրի մեկնաբանության մասին, ով հիշեցրել է Բայդենի՝ նախընտրական շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունը՝ ավելացնելով, որ վերջինս այն ժամանակ ասել է, որ «մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրողության մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի ցուցաբերած հաստատակամությունը այս մեծ ողբերգությունը վերապրելուց հետո»:

Ըստ The Hill-ի, բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է Բայդենի վարչակազմի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն, ու նման վայրագությունների բացառման հարցերում: Դրա կարևոր մասը պատմության ճանաչումն է, The Hill-ին է ասել իր անունը չհրապարակած Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը:

Հիշեցնենք նաև, որ մարտի 19-ին հրապարակվեց ԱՄՆ Սենատի 38 անդամների նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ուր սենատորները կոչ են արել նախագահին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իր ապրիլի 24-ի առաջիկա հնարավոր հայտարարության մեջ՝ Հիշատակի օրվա կապակցությամբ: Սենատորները պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հիշեցնելով, որ նախագահ Բայդենը նախկինում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ներառյալ անցած տարվա նախընտրական ընտրարշավի ժամանակ։ Սենատորները կոչ են արել նախագահին նույն կերպ վարվել արդեն երկրի ղեկավարի պաշտոնում։

Սենատորները հիշեցրել են, որ Բայդենի վարչակազմը հանձն է առել կառուցելու ամերիկյան քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության և ամերիկյան արժեքների հիմքի վրա:

Հիշեցնենք նաև, որ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու փուլում ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրավոր արձագանքել է սենոտորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարքիի հարցադրումներին՝ կապված Հայոց ցեասպանության ճանաչման հետ: Այս հարցի շուրջ հարցադրմանը ի պատասխան Բլինքենը մասնավորապես նշել է.

«Նախագահ Բայդենը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացել է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի, ինչ ձևակրպում օգտագործել Սպիտակ տան հայտարարության մեջ Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր