211652_close_icon
views-count4402 դիտում article-date 19:13 27-03-2021

Ադրբեջանական զինվորականները ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին. ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում ադրբեջանցի զինվորականների գործողություններին։

«Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար):

Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով եկեղեցին դիտավորյալ անարգելը ու ակնհայտ իմանալով, որ եկեղեցին հայկական է: Տեսանյութում նրանք ասում են հետևյալը.

Մինչև եկեղեցի մուտք գործելը. «Եկեք, հիմա մտնենք սրանց (նկատի ունի՝ հայերի) եկեղեցի, որտեղ ես արդեն նամազ եմ արել»։

Եկեղեցի մուտք գործելուց հետո. «Սա հայերինն է, այստեղ ամեն ինչ հայերինն է, պոկել ենք»։

Ակնհայտ է, որ սա թե´ էթնիկ, թե´ կրոնական հիմքով բացահայտ ատելությամբ կատարված արարք է: Ընդ որում, խոսքը ոչ թե առանձին ինչ-որ դեպքի մասին է, այլ սա Արդբեջանում տարիների ատելության ու թշնամանքի համակարգված քաղաքականության արդյունքն է, որ շարունակվում է նաև ներկայում:

Սույն դեպքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի միջազգային մարմիններին` նշելով, որ այն հերթական ապացույցն է, որ Արցախում հայերի նկատմամբ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն:

Հ.Գ. Շնորհակալություն Տեր Վահրամին եկեղեցին նույնացնելու հարցում աջակցելու համար, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանին` ճշգրիտ թարգմանության հարցում աջակցելու համար»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր