211652_close_icon
views-count3241 դիտում article-date 23:30 26-04-2021

Պատվաստված ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց թեստի բացասական արդյունքի այցելել Կիպրոս

Կիպրոսը մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար դյուրացրել է երկիր մուտքի հնարավորությունը՝ սահմանելով, որ այն քաղաքացիները, որոնք պատվաստված կլինեն կորոնավիրուսի դեմ, առանց թեստի բացասական արդյունքի և ինքնամեկուսացման պայմանի կարող են ժամանել Կիպրոս: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Կիպրոսի զբոսաշրջության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Կիպրոսն ավելի վաղ բացել էր սահմանները մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Եգիպտոսի, Սերբիայի, Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի, Ուկրաինայի քաղաքացիների համար: Ընդ որում, մուտքի պահանջները տարբերվում են՝ ըստ երկրի դասակարգման աստիճանի՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված:

Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը փաստող վկայականը մայիսի 10-ից կդիտարկվի որպես լրացուցիչ խթան՝ վերոհիշյալ երկրներից ճանապարհորդողների համար: Նշվում է, որ ճանապարհորդողները, որոնք կարող են հավաստել, որ ստացել են լիազորված պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժինները, թեստ հանձնելու կարիք չեն ունենա՝ անկախ երկրի դասակարգումից: Դեռ ավելին, նրանց համար կարանտին՝ այսինքն ինքնամեկուսացման պայման չի սահմանվի ՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք սերտ շփված լինեն վարակված անձի հետ: Դյուրացումն ուժի մեջ կլինի պատվաստանյութի չափաբաժիններն ամբողջությամբ ստանալու օրվանից:

Նմանատիպ նյութեր