211652_close_icon
views-count3825 դիտում article-date 16:26 28-04-2021

Ես տեսնում եմ խնդիր, որ մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Բոլորս էլ գիտենք, որ ընտրություններում ամենալարված վիճակը լինում է քվեաթերթիկները հաշվարկելու ժամանակ եւ հիմա ստացվում է, որ եթե որեւէ մեկն ասի՝ քվեաթերթիկն էս կողմ պահի, այնպես արա, որ ես տեսնեմ, կարող են այդ դեպքում անձին քրեական պատասխանատվության ենթարկել խոչընդոտելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ընտրական գործընթացին, այդ թվում քարոզարշավին խոչընդոտելու, քարոզարշավին համար, հայտնում է News.am-ը։

«Սա ռիսկային է: Նպատակը լավն է, փաթեթավորումը գեղեցիկ է, բայց բովանդակությունը խնդրահարույց է: Ակնհայտ է, որ սա հաջորդեց Սյունիքի դեպքերին, իսկ մենք նկատում ենք, որ Սյունիքի դեպքերի առումով իշխանության ներկայացուցիչների կողմից կա ագրեսիա: Ստացվում է, որ ամեն մի նմանատիպ դեպքից հետո բերվելու են նոր նախագծեր»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հեղինակը այն անձն է, որը հանրությանը բաժանեց սեւ ու սպիտակի:

Թագուհի Թովմասյանը մտավախություն հայտնեց, որ այս ընտրությունները չեն թոթափելու լարվածությունը, որովհետեւ ընտրությունների ժամանակ ավելի են պրկվելու նյարդերը:

Պատգամավորը նկատեց, որ այս փոփոխություններով հստակ չէ, թե որն է քարոզչության խոչընդոտում համարվելու. «Կարող է դու հոգոց հանես, դա համարվի խոչնդոտում: Խոչընդոտելու եղանակը նկարագրված չէ օրենքում, ինչը հարցեր է առաջացնում: Ես տեսնում եմ խնդիր, որ մենք գնում ենք ռեպրեսիաների ճանապարհով»:

Թագուհի Թովմասյանը կանխատեսեց, որ այս օրենքը մնալու է թաթի վրա, որովհետեւ այս գործերը չեն կարող իրավական հիմնավորվածությամբ առաջ գնալ, չկան հստակ ձեւակերպումներ. «Սա ուղղակի լինելու է մահակ անցանկալի մարդկանց հարցերը լուծելու, տվյալ պահին չեզոքացնելու համար: Իրենց պետք չէ երկարաժամկետ մեկուսացնել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր