211652_close_icon
views-count1308 դիտում article-date 23:44 29-04-2021

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։

Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբեր և Քսավիե Բրըտոնը:

Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:

Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նմանատիպ նյութեր