211652_close_icon
views-count2498 դիտում article-date 21:36 30-04-2021

Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, ես պատրաստ չէի զոհել մարդկանց հանուն նրա, որ մնամ իշխանության. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին, խոսել այն մասին, թե ինչու հրաժարվեց իշխանությունից:

-Իմ ֆիլմում իմ ստեղծած նախագահը ասում է իր օգնականին, ենթադրելով վարչապետին ներկա, նա երբեք չի հրաժարվի իշխանությունից: Դուք համամի՞տ եք իմ այդ գրածի հետ, իմ ստեղծածի հետ:

 – Այո:

 - Ինչո՞ւ:

 – Ամբողջովին: Ամբողջովին, որովհետև, որպեսզի հրաժարական տաս պաշտոնից, հատկապես այդպիսի պաշտոնից, դու դրանից ավելի կարևոր բան պետք է ունենաս: Ես ունեի: Ես դա ասել եմ նաև այս երեք տարիների ընթացքում և դրանից առաջ` նկատի ունենալով հետևյալը, որ պաշտոնը երբեք ինքնանպատակ չի լինում, իշխանության գալը երբեք չի կարող լինել առանց գլխավոր նպատակի: Ես ունեի այդ կարևոր բանը, ես ունեի իմ գլխավոր նպատակը: Եվ ինձ համար այդ կարևոր բանը բազմաթիվ զրկանքների գնով անկախացած Հայաստանն էր և Արցախը: Եվ այդ կայացման ակունքներում կանգնածներից մեկն էլ, շատ-շատերի հետ, ես էի: Ինձ համար դա շատ թանկ բան էր: Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, ես պատրաստ չէի զոհել մարդկանց հանուն նրա, որ մնամ իշխանության:

Ինչպես ցույց տվեցին նաև հետագա գործողությունները, այս վարչապետի համար, այս իշխանությունների համար մարդկային կյանքը արժեք չունի: Եթե արժեք ունենար, ապա մենք եթե ունենայինք պատերազմ, կունենայինք ոչ այսպիսի արդյունքներով: Սա միանշանակ է: Եվ իմ հրաժարականի տեքստում հենց նաև դրա մասին էր խոսքը, երբ ես ասում էի, որ կարծում էի նրա համար մարդկային կյանքը թանկ արժե:

Այո, կարծում եմ, որ այս վարչապետը, այս իշխանությունները կամավոր հրաժարական չեն տա: Չնայած այս երեք տարիներին միայն քանդելով են զբաղված եղել, միայն քանդել են: Քանդել են, մարդկանց տարել են, չեմ ուզում այդ բառը ասել, համենայն դեպս տարել են պատերազմ՝ վստահ լինելով, համոզված լինելով, որ ունենալու ենք անհամաչափ քանակի զոհեր: Իսկ ինչո՞ւ իշխանությունը պահելու համար նրանք ուժ չեն կիրառի, անհամաչափ ուժ: Մենք տեսանք այդ անհամաչափ ուժի կիրառումը տարբեր տեղերում և հիմա էլ տեսնում ենք այս օրերին, թե ինչպես են իրենց պահում ոստիկանները, իրավապահ մարմիններն այն մարդկանց հանդեպ, ովքեր համարձակվել են անվայելուչ խոսք ասել վարչապետի հասցեին: Այսինքն, վարչապետը կարող է բոլորի հասցեին ինչ ասես ասել, ուրիշներն իր հասցեին չե՞ն կարող ասել: Այսինքն, ինչո՞ւ նա կարող է մի ստվար հատվածի, ժողովրդի մի ստվար հատվածի անվանել գայլ, իսկ ինքն իրեն՝ գելխեղդ, իսկ մի սովորական քաղաքացի վարչապետին չի կարող անվանել, չգիտեմ, կա՛մ հիմար, կա՛մ մեկ այլ անուն տալ:

Ես հիմա ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք գայլ ենք, ապա ես կարող եմ դրանից շատ չվիրավորվել, որովհետև գայլը բոլոր դեպքերում նենգ չի: Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են: Կարծեմ ռուսերեն «шакал» են ասում շնագայլերին:

Այնպես որ, եթե դու քեզ թույլ ես տալիս մեկ ուրիշին վիրավորելու, ապա պետք է պատրաստ լինես նաև ուրիշի կողմից վիրավորանք ստանալ: Եվ ամեն անգամ վիրավորանք ստանալով՝ բիրտ ո՞ւժ կիրառես, ցուցումնե՞ր տաս իրավապահ մարմիններին: Մենք դա չենք արել: Միգուցե, իշխանություն պահելու ձևը սա է: Բայց դա ինձ համար չէ:

Մանրամասներն՝ այստեղ

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր