211652_close_icon
views-count1719 դիտում article-date 23:50 06-05-2021

Ցանկացած քաղաքացի պետք է հասկանա՝ եթե սրանք այսօր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի մեղքը փորձում են բարդել մնացածների վրա, նույնն անելու են նաև մյուս սպառնալիքների դեպքում․ Տ․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ իշխանություններն ամեն ինչ փորձում են բարդել այլոց վրա։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այս իշխանություններին սատարողները պետք է լավ հասկանան, որ եթե սրանք այսօր արդարացնում են Արցախի 75 տոկոսի հանձնումն Ադրբեջանին, մեր 5 հազար հայրենակիցների մահը, հարյուրավոր մարդկանց գերեվարության մեջ գտնվելը, անհետ կորելն ու հաշմանդամությունը, ապա մի օր էլ, նույն տրամաբանության մեջ, փորձելու են արդարացնել Արցախի ամբողջական հանձնումը, Սյունիքում տեղի ունենալիք սպառնալից գործընթացները, նոր զոհերը և հավաքական առումով, Հայաստանի թուրքացումը:

Ու ընդհանրապես կապ չունի, թե այսօր իշխանությունները որպես թիրախ ում կընտրեն, ում վրա կբարդեն՝ դա օրվա քաղաքական կոնյուկտուրայի խնդիր է:

Թիրախում մի օր բանակն է, հաջորդող օրը՝ ընդդիմությունը, երրորդ օրը՝ ժողովուրդը... մի խոսքով, սլաքներ ցանկացած ուղղությամբ միշտ էլ կարող են ուղղել, այլ բան է, որ մեկ պարզագույն բան պետք է հասկանալ:

Իշխանությունը պատասխանատվություն է կրում իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչև վերջինը օրը տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար:

Եթե նույնիսկ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց 6 ամիս հետո կամ մեկ տարի հետո հասկացել էր, որ եղած հնարավորությունների պայմաններում չի կարող բանակցել, չի կարող պատերազմ վարել, չի կարող համակարգ ղեկավարել, ապա նա ուներ մեկ ճանապարհ՝ ուղղակի հեռանալ:

Նրա չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը:

Իհարկե ազնվությունն ու բարոյականությունը որևէ առնչություն չունեն սրանց նմանների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ամբարտավան, ոչինչ չասող դեմքով կամ փրփրացող բերաններով կարող են ամեն միկրոֆոնի կամ տեսախցիկի առջև կանգնել ու արդարանալ:

Մեր երկրի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ եթե սրանք այսօր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի մեղքը փորձում են բարդել մնացածների վրա՝ փախչելով պատասխանատվությունից և մեղավորությունից, ապա վաղն էլ նույն կերպ իրենց պահելու են երկրին սպասվող մյուս սպառնալիքների, ողբերգությունների պարագայում:

Ով չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, ապա պետք է սպասի իր պահին՝ իշխանության քաղաքականության պատճառով, իրեն մոտեցող, իր տունը ոչնչացնող և իր կյանքն անիմաստ դարձնող այլ զարգացումների»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Նմանատիպ նյութեր