211652_close_icon
views-count1976 դիտում article-date 19:12 14-05-2021

Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով։

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով և տարածաշրջանային անկայունության պոտենցիալով։ ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը։

Օրվա իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Չեն իրականացվում իրավիճակից բխող գործողություններ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման փաստի կապակցությամբ և մեր սահմանների պաշտպանության համար։

ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն ու համախմբված, խուճապի չմատնվել և պատրաստ լինել զարգացումների ցանկացած սցենարի։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Համոզված ենք, որ պարտության ու խայտառակության խորհրդանիշ այս ապաշնորհ իշխանության առկայությամբ մեր երկրում հնարավոր չէ հաստատել արժանապատիվ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։ Ուստի Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայման ենք համարում ազգային ու նոր որակի իշխանության ձևավորումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր