211652_close_icon
views-count1663 դիտում article-date 11:56 16-05-2021

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը 102-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին։

Սիրելի՛ համալսարանականներ,

Այսօր բոլորս նշում ենք Երևանի պետական համալսարանի 102-ամյակը։ Սա տոնական օր է ոչ միայն համալսարանականների՝ ներկա ու նախկին ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, այլև ողջ Հայաստանի, որովհետև Մայր բուհը Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից է, և պատահական չէ, որ
համալսարանի տարիքը գրեթե համընկնում է նոր շրջանի Հայաստանի պետականության տարիքի հետ։

Այսօր մենք բոլորս ապրում ենք բախտորոշ և ծանր ժամանակաշրջանում, բայց համալսարանին չես զարմացնի դրանով. սկսած հիմնադրման օրվանից՝ Երևանի պետական համալսարանը վերապրել է Հայաստանի բոլոր բախտորոշ ժամանակաշրջանները՝ մշտապես դառնալով նրանց հաղթահարման առաջամարտիկը։

Այդպես եղել է միշտ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջքն ուղղել է կրթությամբ, գիտությամբ ու մշակույթով, երեսունականների մղձավանջի և Հայրենական պատերազմի հետևանքների հաղթահարումը, վաթսունականների վերածնունդը, յոթանասունականների ծաղկումը, ութսունականների ազատության
ոգին, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը և հետպատերազմյան տարիների հաղթահարումը Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել՝ առանց Երևանի պետական համալսարանի մասնակցության։

Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր իրավիճակում. դեռևս չեն հաղթահարվել 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, և անամոք է զոհված ու անհետ կորած համալսարանականների կորուստը։ Երբեք համալսարանը ոչինչ չի խնայել և չի խնայի Հայաստանի անվտանգության համար։ Դրա վկայությունը հերոսացած համալսարանականներն են, որոնք անցած հարյուր տարում իրենց կյանքը նվիրել են
հայրենիքին, և որոնց հիշատակի առջև մենք մշտապես խոնարհվելու ենք։

Սակայն պետք է գիտակցել նաև, որ ծանր ժամանակաշրջաններն ինքնըստինքյան չեն հաղթահարվում, այլ միշտ անհրաժեշտ են լինում ամենօրյա տքնաջան աշխատանք, կարգապահություն, անձնվիրություն։ Առաջիկայում Երևանի պետական համալսարանն իր աշխատանքով կրկին ապացուցելու է իր նվիրվածությունը պետականությանը և ազգային արժեքներին։

Սիրելի՛ համալսարանականներ, մաղթում եմ բոլորիս տոկունություն և կամք՝ առաջիկա ծանր ու տքնաջան աշխատանքի համար, և փառք բոլոր հերոսներին։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Գեղամ Գևորգյան

Նմանատիպ նյութեր