2198 դիտում
17:34 30-05-2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 2 հարցով:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 11 նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրվեց երկու թեկնածու՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:
Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան ելույթներով՝ արտահայտելով իրենց դիրքորոշումները: Ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուները:
Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ
գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին:
Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ, որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին՝ ինչ անեին»:
Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին
հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց:
Երբ լինեն ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, ես հանդես կգամ ծրագրային ելույթով, որը կքննարկվի և կամ կհաստատվի, կամ չի հաստատվի»:
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հեռանկարային ծրագրերի մասին խոսելը դեռ շատ վաղ է, իսկ կարճաժամկետ ծրագրերի մասին խոսելով՝ փաստեց, որ առաջին հերթին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կայունություն ապահովի բուհում:
«Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Բացի դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը
կազմակերպելու համար: Իհարկե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավական տեսանկյունից անմիջական կազմակերպման պատասխանատվություն չի կարող կրել, բայց մթնոլորտի ընդհանուր տեսանկյունից դա կարևոր է»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է առաջնորդվել համալսարանի շահերով, պետք է լինի իրավիճակի վերահսկում:
Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:
Գեղամ Գևորգյանը 1975-1980 թթ. սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1982 թ. պաշտպանել է «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992 թ. պաշտպանել է «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ» թեմայով դոկտորական
ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր: 1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ
2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է:
Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրական անալիզը, հարմոնիկ անալիզը և օրթոգոնալ շարքերը:
Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ է, «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ, «Proceedings of YSU» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, ԳԱՏԱՀ խորհրդի անդամ և «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի» մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2149 դիտում
19:34 02-12-2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է դասախոսների ու ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1663 դիտում
11:56 16-05-2021
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը 102-ամյակի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված