211652_close_icon
views-count1730 դիտում article-date 23:14 18-05-2021

Աղետը չի սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել․ Տիգրան Թորոսյան

Tert.am-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ։ Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմի պատճառը 2018-ին Հայաստանում իշխանության եկած ղեկավարության քաղաքականությունն է, որի հիմքում տգիտությունն է, սուտը և աճպարարությունը։ «Ողբերգությունն այն է, որ աղետը չէր կարող ավարտվել պատերազմի արդյունքներով ու չի էլ սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել»,-ասում է նա։

-Պարո՛ն Թորոսյան, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ խնդիրներն արդեն տեղափոխվել են ՀՀ տարածք։ Նախորդ շաբաթվա կեսերից ադրբեջանական զինուժը տեղակայվել է ՀՀ տարածքում և մինչ հիմա եղած բանակցությունների արդյունքում էլ չի հեռանում այստեղից, դեռ ավելին, կա ագրեսիվության միտում։ Ձեր համար կանխատեսելի՞ էր այս իրավիճակը։ Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր հնարավորություն կանխելու նման սցենարի առաջացումը։

-Ցավոք, կանխատեսելի էր ինչպես այն աղետը, որի գագաթնակետը դարձան 44-օրյա պատերազմի արդյունքները, այլև այն, ինչ տեղի է ունենում պատերազմի դադարեցումից հետո անցած վեց ամիսների ընթացքում։ Ընդ որում, կանխատեսելի էր ոչ թե գուշակությունների կամ բանդագուշանքի ձևով, ինչի պակասը Հայաստանում չկա, այլ որպես բազմաթիվ աղբյուրների ու փաստաթղթերի հիման վրա կատարված մասնագիտական աշխատանքի արդյունք։ Սպասվող աղետի ահազանգը կարող եք գտնել անցած տարվա հուլիսին հրապարակված «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակը և հեռանկարները» մասնագիտական հոդվածում, իսկ այդ ամենի, ինչպես նաև հրադադարի հաստատումից հետո շարունակվող ձախողումների պատճառները և իրավիճակի շտկման հնարավորությունները՝ այս տարվա մարտի 9-ին հրապարակված «2020թ. պատերազմը. նախադրյալները, հետևանքները և հաղթահարման հնարավորությունները» հոդվածում։ Տեղի ունեցածի պատճառը 2018-ին Հայաստանում իշխանության եկած ղեկավարության քաղաքականությունն է, որի հիմքում տգիտությունն է, սուտը և աճպարարությունը։ Ողբերգությունն այն է, որ աղետը չէր կարող ավարտվել պատերազմի արդյունքներով ու չի էլ սահմանափակվելու Սյունիքով ու Գեղարքունիքով, այն շարունակվելու ու խորանալու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացվել։ Չեք կարող համաշխարհային պատմության մեջ մատնանշել գեթ մեկ իշխանություն, որը նման աղետի է հասցրել երկիրը, միջազգային մամուլում և մասնագիտական հրապարակումներում արժանացել է աննախադեպ ստորացուցիչ գնահատականների ու շարունակում է պաշտոնավարել։ Հայաստանի ղեկավարությունը արհամարհված ու անարգված է աշխարհում և դրա արդյունքում Հայաստանը դուրս է մղված միջազգային հարաբերություններից՝ որպես դերակատար։ Հրադադարից հետո ստեղծված իրավիճակը կանխելու միակ հնարավորությունը, ինչպես բազմիցս ասել եմ, այս իշխանության անհապաղ պաշտոնանկությունն էր։

- Իրավիճակի հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումն է, որ Հայաստանի հետ սահմանային իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու և դելիմիտացիայի գործընթացը սկսելն է, ադրբեջանցիները նաև վստահ են, որ զբաղեցնում են իրենց դիրքերը։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է իրականում հիմա ցանկանում Ադրբեջանը, ո՞րն է նրա նպատակը։

-Ակնհայտ է, որ կատարվել է Ադրբեջանի և, ընդհանրապես, թուրքերի երազանքը՝ Հայաստանում իշխանության է հայտնվել տգետ, անհայրենիք, ստախոս, գործընկերների կողմից արհամարհված իշխանություն, որը պատկերացում չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պետության, ո՛չ Սահմանադրության, ո՛չ երկրի պաշտպանության մասին։ Մեր տարածքները բառացիորեն անտերության են մատնել այս իշխանություններն ու իրենց անգործությունը փորձում են նույն կերպ քողարկել, ինչպես քողարկում էին 44-օրյա պատերազմի իրողությունները՝ կեղծիք ու աճպարարություն։ Եվ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել այս իրավիճակն ու փորձելու է ամեն միջոց ձեռնարկել՝ Հայաստանն ավելի ու ավելի փոքրացնելու, Արցախը վերացնելու համար։ Մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ է անում Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ ինչ է անում, իսկ ավելի ճիշտ՝ ինչ չի անում Հայաստանի իշխանությունը։ Այս իշխանությունը չի հասկանում, որ սահմանազատումը բարդ, տևական մասնագիտական աշխատանք է, այլ ոչ թե Գուգլի քարտեզներով հողազավթում։ Թշնամին էլ, օգտվելով դրանից, կարող է իր ագրեսիան ցանկացած անունով կոչել:

Մանրամասներն՝  այստեղ 
 Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի           

Նմանատիպ նյութեր