211652_close_icon
views-count1985 դիտում article-date 18:53 21-05-2021

Ուժի կիրառմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները լրատվականների հարցերին

Հարց.
 Արդեն մեկ շաբաթից ավել է՝ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են ՀՀ ինքնիշխան տարածք: Խնդրում ենք ԱԳՆ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ:   

Պատասխան. Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին: Հայաստանը մերժում է նաև այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը, ինչը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում:

Չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման և այլ հումանիտար հարցերի առնչությամբ՝ Ադրբեջանը կրկին ի ցույց է դրել միջազգային հանձնառությունների միտումնավոր դրժման իր վարքագիծը:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք միջազգային արձագանքը իրավիճակի վերաբերյալ:

Պատասխան. Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Նմանատիպ նյութեր