211652_close_icon
views-count57923 դիտում article-date 21:56 24-05-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. պտտահողմը Ակունք գյուղում արմատախիլ է արել հաստաբուն ծառեր, փլուզել քարե պարիսպներ, պոկել տան տանիքներ, տապալել էլեկտրասյուներ, ավերել ջերմոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է  ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ակունք գյուղի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես  է պտտահողմը գյուղում ավերածություններ անում:

 Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի  4-րդ փողոցի մի քանի տներ ամբողջովին հայտնվել են արհավիրքի էպիկենտրոնում:

Ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝  50 մետր է, ամենաերկարը՝  100-150 մետր:

Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են  բերքատու՝  ծիրանի, խնձորի տանձի գիլասի ծառեր, որոք էլ երբեք չեն կպնի:

 Արհավիրքից անմասն չեն մնացել նաև սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներում՝ 10, որոշ հատվածներում՝  30 և ավել մետր:

Ամբողջովին տապալվել են  մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:

 Գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Կատայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները  գյուղացիների  հետ  Ակունք  համայնքի ղեկավար Հունան Ռուբինյանի գլխավորությամբ և օժանդակությամբ  հատուկ տեխնիկա են բերել նշված վայր և բենզասղոցներով մասնատել են տապալված հաստաբուն ծառերը, որպեսզի ժամանակավորապես ճանապարհները բացվեն:

Վնասվել են նաև գյուղի որոշ հատվածներում գազախողովակները, ինչի հետևանքով  էլ գազամատակարարումը նույնպես դադարեցվել է:

 Տուժել են նաև ջերմոցատերեր, իսկ ջերմոցում աճեցված ողջ բերքը դարձել է ոչ պիտանի:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արհավիրք էր: Վայրկյանների ընթացքում էկավ, իր սև գործն արեց: Հիմա ուզում ենք հավատանք, որ  կառավարությունը օգնության ձեռք կմեկնի: Բոլորս էլ տուժել ենք և մենք միայնակ ի վիճակի չենք էս արհավիրքի դեմն առնենք: Մարդիկ կան, որ հեսա մի քանի օրից վարկեր են փակելու, իսկ էդ վարկերը փակելու համար պետք է ջերմոցներում եղած բանջարեղենը, ծառերի միրգը վաճառեինք ու էդ գումարներով վարկերը փակեինք: Բայց հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ: Ուզում ենք հավատանք, որ իրոք կառավարությունը սատար կկանգնի: Առաջիկայում էլ ընտրություններ են ու գալու են մեզ իրենց խոստումներով  կերակրեն, իսկ էդ խոստումներով մենք չենք փակի մեր վարկերը: Ռեալ պետք  է օգնության ձեռք մեկնեն: Միակ սփոփանքը նա է, որ  տուժածներ չկան»:

Պարզվել է, որ Ակունք համայնքի 1-ին, 2-րդ, 4-ից 10-րդ և 33-րդ փողոցներում քամուց վնասվել է մոտ 40 տան տանիք, 2 զրուցարան, մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն (մոտ 3700 քմ), գազատար (մոտ 100 գմ), 13 տան պարիսպ (մոտ 800 քմ), 8 անասնագոմի տանիք (մոտ 400 քմ), 2 խորդանոցի տանիք, արևային ջրատաքացուցիչ, արևային էլեկտրակայան, էլեկտրական մալուխ (մոտ 600 գմ), շրջել 2 էլեկտրական սյուն, բեռնատարի կցորդիչ (սառնարան), 5 ծառ, ինչի հետևանքով փակվել են 4-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները, մասամբ դադարեցվել էլեկտրամատակարարումը և գազամատակարումը, վնասվել են 4 պատուհանի ապակիներ և մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր