211652_close_icon
views-count4071 դիտում article-date 23:42 27-05-2021

ԱՄՆ-ը հորդորում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և վերադառնալ ելման դիրքեր

ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալումը: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների բոլոր ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերվելու մասին:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը՝ սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի ելման դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց դիրքերը, և ողջունում ենք այդ նպատակին միտված հայտարարությունները: Այս գործողությունները կթոթափեն լարվածությունը և դաշտ կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանը շտապ սահմանազատելու համար: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր