211652_close_icon
views-count3194 դիտում article-date 10:27 29-05-2021

Խոզի մսի գինը բարձրացել է, արտադրության ծավալները՝ նվազել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 6.4 տոկոսով նվազել են:

Բայց, սրան զուգահեռ, խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3500-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը 3700-3800 դրամ է, իսկ խոզի ազդրի մեկ կիլոգրամը 2900-3200 դրամ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին՝ 605:

Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մարտին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 10.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել. այն տեւական ժամանակ է, ինչ արժե 4500 դրամով: Նշենք, որ ոչխարի միս Հայաստանից հիմնականում արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր