211652_close_icon
views-count2693 դիտում article-date 15:04 31-05-2021

Ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ էր պատրաստվում պետական շահին հակասող քայլ անել. Մանե Գևորգյանն Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը:

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը՝ նշել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը մայիսի 31-ին ԱԳՆ-ում ունեցած հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Նմանատիպ նյութեր