211652_close_icon
views-count1494 դիտում article-date 16:20 20-06-2021

Այս գործը «կարվել է» ինձ վրա, փուչիկի պես պայթելու է, իմ ձերբակալությունը ունի միմիայն քաղաքական երանգ. Արմեն Չարչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ինձ մեկուկես օր ապօրինաբար պահեցին անազատության մեջ: Ես շատ երախտապարտ եմ և շնորհակալ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին և անծանոթներին, որոնք համացանցում, անձնական զանգերի միջոցով իրենց զորակցությունը հայտնեցին ինձ այս ապօրինի, ոչ մարդկային գործընթացի կապակցությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը:

«Ես բնավ չեմ ուզում անդրադարձ կատարել հարցի իրավական կողմին, ես ունեմ ասելու երկու բան. բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, քանի որ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով, հետևապես՝ այդ գործը, որ «կարվել է», իր մեջ նյութ չի պարունակում, այդ գործը փուչիկ է, որը պայթելու է»,- ասաց Արմեն Չարչյանը:

Նա նշեց, որ իր ձերբակալությունն ունի բացառապես քաղաքական երանգ և կախված է իր քաղաքական դիրքորոշումից: Չարչյանն ընդգծեց, որ շնորհակալ է քրեաիրավական համակարգի բոլոր աշխատակիցներին, քանի որ բոլորի կողմից եղել է անձնապես արտահայտված հարգալից վերաբերմունք, շատերը անձամբ ճանաչել են նրան:

«Եթե իրապես հիմք չկա, և մեր շատ հարգելի իրավաբանները համոզված լինելով, որ որևէ հիմք չկա, գործ են հարուցում և ձերբակալում են, ապա դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ և խստագույնս պահանջ, որպեսզի իրենք ինձ ձերբակալեն, սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ, եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում այդ մարդկանց համար, որոնք սկսել են գործընթացը, դա ինձ համար պատիվ է, և իրենց գործողություններով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունները»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել էր Արմեն Չարչյանին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր