211652_close_icon
views-count9412 դիտում article-date 16:40 21-06-2021

«Չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը». Արմեն Աշոտյան. 168.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: Մնացած 23 կուսակցություններն ու դաշինքները չեն հաղթահարել անցողիկ շեմը:

168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան ընտրությունների արդյունքները մեկնաբանելու մեր խնդրանքի, ասաց, որ դեռևս արտահերթ ընտրություններից առաջ է ասել, որ ընտրությունների օրակարգը Հայաստանի համար դրսից թելադրված օրակարգ էր:

«Դա արտաքին քաղաքական կոնսենսուս էր հիմնական դերակատարների միջև, որպեսզի ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանում կայունացնեն ներքաղաքական իրավիճակը: Իհարկե, տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներ տարբեր շահեր ունեին, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ ընտրությունների արդյունքներով՝ հայ ժողովուրդը սպասարկեց ցանկացածի քաղաքական շահը, բավարարեց ցանկացածի արտաքին քաղաքական ախորժակը, բացի սեփական հայրենիքի նկատմամբ սեփական ազգային շահից: Դառը ճշմարտություն է, թերևս, բայց չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ սա ասում է առանց հեգնանքի:

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում ստեղծված իրավիճակում անել «Պատիվ ունեմ» դաշինքը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց՝ դաշինքը քննարկում է այս իրավիճակում լավագույն ելքերի տարբերակները:

«Միանշանակ է, որ պայքարը շարունակվելու է. փնտրում ենք իրավական և քաղաքական գործիքակազմերի լավագույն համադրությունը, որպեսզի ամենաարդյունավետ և երկարաժամկետ պայքարը կարողանանք մղել: Դաշինքը հանդես կգա առանձին հայտարարությամբ, կդիմի հասարակությանը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր