211652_close_icon
views-count1111 դիտում article-date 22:30 10-02-2024

Արմեն Աշոտյան. «Ես չեմ զարմանա, որ Ալիևը 7 տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում կամ Վայքում»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխանել է հայրենիքի ապագայի մասին քաղաքացիների՝ իրեն ուղղված հերթական հինգ հարցին:

Գարիկ Նալչաջյան. «Ես կարծում եմ՝ առաջիկայում հնարավոր չէ դուրս չգալ փողոց, ինչքան էլ դուք փակի տակ եք, կիմանաք: ՀՀԿ-ն կառաջնորդի՞ պայքարը»:

Արմեն Աշոտյան. «Ակնհայտ է, որ զայրույթը և բողոքի էներգիան ոչ միայն չեն կորել, այլև շարունակաբար կուտակվում են հասարակության բոլոր ծալքերում: Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է: Մնում է վիժեցնել նրա իշխանությունը: Այստեղ առաջանում է երեք հարց. ե՞րբ,  ինչպե՞ս և ո՞վ պիտի դա անի:

«Երբ» հարցին անդրադառնալիս՝ պետք է ազնվորեն խոստովանել, որ դեռ երեկ պետք էր իշխանազրկել Նիկոլին, և մենք բաց ենք թողել դա անելու մի քանի հնարավորություն: Բողոքի նոր ալիքը, որն անխուսափելի է, պետք է ոչ թե պարզապես պարպի դժգոհության էներգիան, այլ հանգեցնի գլոբալ նպատակին: Ուստի ինքս, ունենալով անհամբերություն այդ հարցով, միաժմանակ առաջարկում եմ ազնվորեն ասել. մենք պատրա՞ստ ենք հենց հիմա դա անելու: Ես բանտախցում դա դժվար եմ զգում: Եթե հասարակության պուլսը արդեն հենց այդպիսի է, ուրեմն եկեք սկսենք և հաջողությամբ ավարտենք այդ առաքելությունը:

«Ինչպես» հարցը ոչ այնքան տեխնիկական է, որքան սկզբունքային: Գնալ մինչեւ վերջ: Սա իմ պատասխանն է այդ հարցին: Եթե 2018-ին խաբված և միամիտ ժողովուրդը  «մերժում էր» Սերժին, ապա հիմա սթափված և պատվախնդիր ժողովուրդը պետք է ոչ թե մերժի, այլ շպրտի Նիկոլին:

«Ով» հարցը ունի երկու փոխլրացնող պատասխան. առաջինը՝ հայ ժողովուրդը, երկրորդը՝ առաջնորդություն և պատասխանատվություն ստանձնած կորիզը, որը բաղկացած պետք է լինի առողջ քաղաքական, հասարակական, ազգային ուժերից: Այո, ՀՀԿ-ն ունեցել է իր լուրջ դերակատարությունը մինչ այսօր նախաձեռնած շարժումներում և լիովին պատրաստ է զգալի մաս կազմել նոր շարժման: Իսկ համապատասխան կոնսենսուսի դեպքում՝ նաև առաջնորդել այդ պայքարը»:

Սվետա Մանուկյան. «Ալիևը Ստեփանակերտում ընտրեց ինքն իրեն: Մենք ո՞նց ենք Արցախը  հետ բերելու»:

Արմեն Աշոտյան. «Արցախը հետ բերելու համար նախ և առաջ մենք պիտի հետ բերենք ինքներս մեզ: Մենք կորցրել ենք Արցախը, Հայաստանի՝ մոտ 250 քկմ, 5000 մարդ, որովհետև կորցրել ենք ինքներս մեզ, մեր արժանապատվությունը, մեր խիղճը, մեր հավատը, մեր բարոյականությունը, մեր եսը: Եթե այդ ամենը չվերականգնենք, ապա ոչ միայն ոչինչ հետ չենք բերելու, այլև թույլ ենք տալու, որ Ալիևը 7 տարի հետո իր հաջորդ ընտրություններում քվեարկի ոչ թե Ստեփանակերտում, այլ Գորիսում, Վարդենիսում, կամ Վայքում: Ալիևը ոչ միայն ինքն իրեն է ընտրել, այլև Նիկոլին է պաշտպանում, որպես Հայաստանի ղեկավարի: Եվ եթե Ադրբեջանի նախագահի ընտրության վրա մենք ազդել չենք կարող, ապա Հայաստանի ղեկավարին ինքնություն ընտրել պարտավոր ենք: Ի դեպ, չեմ զարմանա, որ Նիկոլը շնորհավորի Ալիևին, կամ նրա երդմնակալության, կամ Ադրբեջանի կողմից ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո»:

Նարեկ Մարգարյան. «Ալիևը հայտարարում է, որ Նիկոլը էշի տեղ է դրել և խաղաղության ոչ մի նպատակ չունի: Ի՞նչ է մեզ հետ լինելու»:

Արմեն Աշոտյան. Մեզ հետ տեղի է ունենում այն, ինչ անում են թասիբը և նամուսը կորցրած ազգերի հետ: Կրկնվեմ: Պարտվելը ամոթ չէր: Ամոթը պարտության պատճառին վարչապետ կոչելն է: Ուստի մեզ հետ վարվում են այնպես ինչպես մենք ենք թույլ տվել: Լինի Ալիևը, էրդողանը, Բրյուսելը, Մոսկվան թե Վաշինգտոնը: Ամերիկայի նախկին պետքարտուղար Քիսենջերը ասում էր,  որ պետության ղեկավարի կերպարը այդ պետության հզորության և ուժի կարևոր գործոններից է: Դե հիմա այս հիմնարար ձևակերպումը պրոյեկտեք Հայաստանը ներկայացնող անձի վրա: Վստահ եմ, շատերիդ մոտ դառը քմծիծաղ առաջացավ: Ասա ով է վարչապետդ՝ ասեմ ով ես դու: Սա է մեր ազգի ճակատին այս պահին դաջված խարանը: Հայ ազգի բուժումը անհնար է առանց Նիկոլի հեռացման: Նա նման է միզապարկի մեծ քարի, որն ինքնուրույն չի ընկնում: Կամ պետք է մանրացնել, որ թափվի, կամ միանգամից հեռացնել ամբողջությամբ:

Սուսաննա Մանուկյան. «Արմեն Աշոտյան ջան: Սա ավելի շատ հարց չէ, այլ սրտի խոսք: Մենք ձեր կարիքն ունենք: Ձեր կուսակցությունով կազմակերպեք ցույցեր, էլ այսպես հնարավոր չի: Ինչի՞ չեք անում»:

Արմեն Աշոտյան. «Հարգելի Սուսաննա, շատ շնորհակալ եմ սրտի խոսքի համար, որի տակ տեսա ոչ միայն սրտացավություն, այլև հավատ և վստահություն: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա խնդրին անդրադարձել եմ առաջին հարցին պատասխանելիս»:

Կարեն Ալեքսանյան. «Երևանում մարդիկ ցանկանում են Նիկոլի ռադ լինելը: Ե՞րբ են ըստ Ձեզ պրոցեսներ լինելու: Դուք անընդհատ ասում եք՝ երբ ազգը համախմբվի: Հիմա սա է. ունենք են, ինչ ունենք: Այս իրավիճակով ե՞րբ կհավաքվի ժողովուրդը ինչ-որ բան անելու համար»:

Արմեն Աշոտյան. «Հարցին մասամբ անդրադարձել եմ առաջին հարցին պատասխանելիս: Անկեղծորեն կիսվեմ: Այո, ազգը հոգնել է, զզվում է, տառապում է Նիկոլից: Սա վաղուց ակնհայտ է: Բայց նույնքան իրականություն է, որ 2-րդ 3-րդ 4-րդ տեղերում ըստ նույն սոցիոլոգիական հարցումների գտնվող ուժերը նույնպես չունեն բավարար աջակցություն իրավիճակն իրենց ձեռքը վերցնելու համար: Ցավոք,  մեր ժողովուրդն ավելի շատ անձնակենտրոն է, քան ծրագրակենտրոն: Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում սիրեն: Որքան էլ բացատրենք, որ քաղաքական սերը կուրացնում է և խլացնում, մեկ է հասարակության զգալի մասը փրկիչ է սպասում կամ փնտրում հերթական մեսիային՝ այսպիսով դարպաս բացելով նոր աֆերիստների, դեմագոգների և ստախոսների համար: Լուծումը խարիզմայի և պրագմատիզմի միջև ոսկե միջին գտնելն է: Շոումենները կործանում են երկիրը: Բայց պրոֆեսիոնալները պիտի ավելի հրապուրիչ ու գրավիչ դառնան»:

Նմանատիպ նյութեր