211652_close_icon
views-count3875 դիտում article-date 20:46 21-06-2021

Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ ու կայուն ապագայի համար. պայքարը շարունակվելու է. «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։

Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։

Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանն անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային քարտեզի: Փոխարենը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի:

Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի:

Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։

Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։

Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։

Պայքարը շարունակվելու է։ Մենք իրավունք չունենք մեր պետության ինքնիշխանությունը զիջած և ժողովրդին մոլորեցրած ազգադավներին թողնելու մեր պապերի սրբազան հողն ու մեր զավակների թանկ ապագան այդ հողի վրա:

Մեր հետագա որոշումներն ու քայլերը բխեցվելու են այս տրամաբանությունից:

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր դաշինքի օգտին քվեարկած մեր բոլոր պատվարժան հայրենակիցներին։ Ձեր մտահոգ և պատվաբեր ձայները, սպասելիքներն ու հույսերը լինելու են մեր որոշումների հիմքում»:

Նմանատիպ նյութեր