211652_close_icon
views-count2797 դիտում article-date 19:48 25-06-2021

ՀՀ-ն հստակ հայտարարությամբ պետք է արձանագրի՝ տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում․ քանի դեռ ռազմագերիների հարցը չի լուծվել, Ադրբեջանի հետ որևէ այլ քննարկում չպետք է տեղի ունենա․ Արամ Օրբելյան

Պետությունը հստակ և կոշտ հայտարարությամբ պետք է արձանագրի, որ տեղի է  ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցված մեղադրական եզրակացությանը, համաձայն որի՝ նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

«Մենք, ցավոք սրտի, կառուցում ենք անարխիստական պետական համակարգ․ մոտավորապես այսպես՝ պետությունը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս՝ «ձեր խնդիրն է, դուք լուծեք» սկզբունքով։ Պետք է կոշտ ու հստակ արձանագրվի խախտումը, հետո կարող են լինել ինչ-որ կոնֆիդենցիալ գործողույուններ, որոնք չհայտարարվեն»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ ռազմագերիների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան նախատեսում են որոշակի կառուցակարգեր ու, ընդհանրապես, միջազգային իրավունքի ճիշտ ընկալման դեպքում կան որոշակի կառուցակարգեր։ Ըստ նրա՝ մարդկանց մոտ շատ հաճախ միջազգային իրավունքի գործելու ձևը սխալ է ընկալվում, և շփոթմամբ ասում են՝ միջազգային իրավունք չկա, ով ուժեղ է, ինչ ուզում, անում է։

«Չկա միջազգային այնպիսի դատարան՝ ազգային դատարանի տրամաբանությամբ, որտեղ կարելի է հայց ներկայացնել, ու գործը պարտադիր քննվի, որոշում կայացվի․ միջազգային իրավունքով տվյալ դատավարություններն ակնհայտորեն խնդրահարույց են։ Այդ դատավարությունները ներառում են, օրինակ, ժնևյան կոնվենցիաներից 3-րդը, որը վերաբերում է ռազմագերիների կարգավիճակին, տվյալ դեպքում՝ ռազմագերիների նկատմամբ դատական վարույթի առանձնահատկություններին։ Նաև՝ նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանների ակնհայտ խախտում է տեղի ունենում։ Սա նշանակում է, որ կա նյութական խախտում, իսկ գործընթացային խախտման առաջին կետը ՀՀ կողմից տվյալ խախտման հստակ արձանագրումն է։ Քանի դեռ ՀՀ-ն հստակ չի արձանագրել, որ տեղի է ունենում ՀՀ-ի և իր քաղաքացիների իրավունքների խախտում, մնացած որևէ գործիքակազմի մասին խոսելն առարկայազուրկ է դառնում»,-ասաց նա։

Հաջորդիվ, Օրբելյանի խոսքով, կարևոր է տարբեր պետությունների հետ բանակցությունը։ «Այլ պետությունների հետ բանակցային դաշտում ուղղակիորեն պետք է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների չկատարման հարցը։ Խոսքը միայն ՌԴ-ի մասին չէ․ պետք է զրուցել բոլոր պետությունների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ։ Քանի դեռ այդ հարցը չի կարգավորվել, Ադրբեջանի հետ որևէ այլ քննարկում չի կարող և չպետք է տեղի ունենա»,-ասաց նա։

Փաստաբանը նաև ընդգծեց՝ գոյություն ունի պատանդ պահելու դեմ միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է, որ պետությունները պարտավորվում են և՛ իրենք չանել, և՛ ապահովել, որ իրենց իրավազորություն տակ տեղի չունենա պատանդների պահում, պատանդների միջոցով որոշակի գործընթացներ։

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ հստակ հնչել է ձևակերպումը, թե «ինչքան լավ է, որ այդքան ռազմագերի կա, կարելի է փոխանակել ինչ-որ բանի հետ»։ Ակնհայտորեն՝ տեղի է ունենում պատանդների պահում՝ որոշակի նպատակներով։ Ու կարևոր չէ՝ նպատակները հումանիտա՞ր ն, թե՞ այլ»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր