211652_close_icon
views-count1152 դիտում article-date 17:04 26-06-2021

Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր համաժողովը 1987 թվականի դեկտեմբերի 7-ին հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա: Հայաստանի Հանրապետությունը, 1993 թվականին անդամակցելով ՄԱԿ-ին, վավերացրել է այդ կոնվենցիաները։

Այս տարվա կարգախոսն է. «Պատմիր թմրամիջոցների վնասների մասին փաստեր և փրկիր կյանքեր»:

Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում նաև առողջապահության նախարարությունը։


2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 7392, այդ թվում 2769 անձ հաշվառված է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, 4615 անձ՝ կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով և 8 անձ՝ կոկաինի գործածման հետևանքով։

Առողջապահության նախարարությունը, քաջ գիտակցելով թմրամիջոցների չարաշահումից առաջացող վտանգները, քայլ առ քայլ բարելավում և հզորացնում է ինչպես բնակչության շրջանում կանխարգելման աշխատանքները, այնպես էլ կախվածություններ ունեցող անձանց տրամադրվող բուժման ծառայությունները։

Հավատարիմ մնալով իր առաքելությանը և որդեգրած սկզբունքներին՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է շարունակական բարեփոխումներ նաև թմրաբանական ծառայության ոլորտում՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ծառայության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

2020 և 2021 թվականների ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացվել են նաև մասնագիտացված կենտրոնի՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հիմնանորոգման աննախադեպ ծավալի աշխատանքներ։

Ամբողջությամբ հիմնանորոգվել է գլխավոր մասնաշենքի արտաքին և ներքին ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, հիմնանորոգվել և լավագույն կերպով կահավորվել են բաժանմունքները։

Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ Առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Հայաստանում ՀՀ քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը։

Նմանատիպ նյութեր