211652_close_icon

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին 52 մլն դոլարի օգնություն տրամադրելու հարցը. Ադամ Շիֆ

views-count2081 դիտում article-date 22:58 01-07-2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահն է, հայտնել է, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին կայուն ֆինանսավորման հարցը, գրում է Tert.am-ը:

«Ավերիչ հակամարտությանը և անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի և Արցախ համար ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին»,- ասվում է Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է, որ դեռ անելիք շատ կա: «Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու և հայ կալանավորներին և ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, որոնցից շատերը կտտանքների են ենթարկվել, ինչը խախտում է մարդու իրավունքների մասին միջազգային կոնվենցիաները: Մենք պետք է հորդորենք նախագահ Բայդենին հրաժարվել Ադրբեջանում Ալիևի ռեժիմին օգնություն տրամադրելուց, որը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը: Միշտ կանգնած եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- շեշտել է կոնգրեսականը:

Նմանատիպ նյութեր