211652_close_icon
views-count3564 դիտում article-date 09:23 29-10-2019

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ազնվության գրավականն է․ Ադամ Շիֆ. «Ամերիկայի ձայն»

Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ է ճիշտ ուղղությամբ, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ով համահեղինակել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ 296 բանաձևը: Սա Կոնգրեսի բոլոր թևերում գտնվող օրենսդիրների միասնական աշխատանքի արդյունքն է, նշում է դեմոկրատ կենգրեսականը, մատնանշելով հանրապետական գործընկերների մասնակցությունը. «Կարծում եմ, Միացյալ Նահանգներն ունի նաև շատ կարևոր բարոյական պարտավորություն՝ պարզ և ազնիվ խոսել 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»: Բանաձևը, որի շուրջ քվեարկությունը նախատեսված է անցկացնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երեքշաբթի երեկոյան, ընդունվելու դեպքում, նախատեսում է նաև կրթական ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների տարածում ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցներում: Բանաձևի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը, որի կարծիքով «1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները հիմնված չեն իրավական կամ պատմական փաստերի վրա»: Կոնգրեսական Ադամ Շիֆը սակայն կասկածում է, որ թուրքական կողմի փաստարկներն այս անգամ լսելի կլինեն Կոնգրեսի մեծամասնության կողմից. «Կարծում եմ, Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա վաղը թուրքական լոբբին կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնելու»: Անդրադառնոլով մեր օրերի Հայաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը, Ադամ Շիֆն ընդգծեց՝ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր տեղի ունեցած զարգացումները փայլուն հնարավորություն են բացում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման համար. «Ես շատ տպավորված եմ վարչապետով: Գիտեմ, Հայաստանում շատ ոգևորող ժամանակներ են թե Հայաստանի քաղաքացիների և թե ԱՄՆ-ի հայ համայնքի համար, տեսնում եմ նոր կառավարության վերաբերյալ այդ լավատեսությունը: Ես բարձր եմ գնահատում վարչապետի քայլերը, ով բերել է տեխնոկրատների թիմ և փորձում է հաղթահարել Հայաստանի առջև եղած բոլոր խնդիրները, այդ թվում և կոռուպցիան»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/5142948.html]«Ամերիկայի ձայն»[/url]։

Նմանատիպ նյութեր