211652_close_icon
views-count1627 դիտում article-date 14:17 14-07-2021

Հայկո Մաասը ՌԴ-ին ու Չինաստանին մեղադրել է պատվաստանյութերը քաղաքական նպատակով օգտագործելու մեջ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի Դաշնությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը մեղադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ նշելով, որ երկու պետություններն ակտիվորեն լուսաբանել են կորոնավիրուսի դեմ պայքարում այլ պետություններին իրենց տրված օգնությունը, սակայն միևնույն ժամանակ այլ նպատակներ են հետապնդել, հաղորդում է kommersant.ru լրատվականը և հավելում, որ արտգործնախարարն այս հայտարարությունն արել է ԱՄՆ ուղևորության ժամանակ, որտեղ այցելել է Pfizer-ի գործարան։

«Սա կանխելու համար մենք չպետք է միայն քննադատենք, այլ պետք է ազդեցություն կրող երկրների համար այլընտրանք ապահովենք։ Այլընտրանքն այն պատվաստանյութերն են, որոնք մենք ունենք և որոնք, անշուշտ, ցանկանում ենք հասանելի դարձնել աշխարհի հնարավորինս շատ երկրներում և տարածաշրջաններում», - ասել է Մաասը՝ նշելով, որ, հնարավորինս շատ երկրների պատվաստանյութ տրամադրելով, կկանխեն դեղորայքի միջոցով Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության մեծացումը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը կորոնավիրուսի տարածման ֆոնին խթանում են «պատվաստանյութային դիվանագիտությունը» և կոչ էր արել ԵՄ-ին՝ դա հաշվի առնելով գործել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, միևնույն ժամանակ, կոչ է արել առայժմ հրաժարվել կրկին պատվաստվելու գաղափարից և օգնել այն երկրներին, որտեղ նույնիսկ առողջապահական ոլորտի աշխատողների պատվաստումը չեն կարողացել կազմակերպել։

Նմանատիպ նյութեր