211652_close_icon
views-count2400 դիտում article-date 11:52 17-07-2021

ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով՝ ժամը 10:00-20:00-ը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-20:00 ընկած ժամանակահատվածում:

Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում դիմում-հայտը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին՝ անկախ տարիքից)՝

*Անուն
*Ազգանուն
*Անձնագրի համար
*Հեռախոսահամար
*Էլ. հասցե (դիմումը մուտքագրելուց հետո այս էլ. հասցեին ստացվում է թվային կոդ, որը պետք ներկայացնել վրացական սահմանային անցակետում)
*Քաղաքացիություն
*Բնակության երկիր
*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց և այլն; տարանցիկ ուղևորները բնակության վայր դաշտում հասցեի փոխարեն նշում են ՛՛TRANSIT՛՛ բառը)

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու, ինչպես նաև սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։

Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 0-ից մինչև 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով:

1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։

2) Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում քաղաքացին Վրաստանի տարածքում հանձնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ևս մեկ ՊՇՌ թեստ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով: Վրաստանում գտնվելու ընթացքում քաղաքացիները կարող են ժամը 9:00-21:00 ընկած ժամանակահատվածում զանգահարել Վրաստանի կառավարության թեժ գծին 144 հեռախոսահամարով և խնդրել իրենց հեռախոսահամարին ուղարկել մոտակա COVID-19 թեստավորման լաբորատորիաների հասցեները և հեռախոսահամարները պարունակող հաղորդագրություն:

3) Եթե քաղաքացին Վրաստանում գտնվում է 72 ժամից պակաս ժամանակով (հաշվարկն իրականացվում է ցամաքային կամ օդային սահմանային անցակետով երկիր մուտք գործելուց մինչև ցամաքային կամ օդային ճանապարհով երկրի սահմանային անցակետով դուրս գալը), ազատվում է Վրաստանի տարածքում 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից:

* Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր, կամ թեստի բացակայության դեպքում ՊՇՌ թեստ են հանձնում Բագրատաշեն կամ Բավրա սահմանային անցակետերում և մեկնում իրենց կեցավայր (տուն կամ հյուրանոց) պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև առավելագույնը 48 ժամվա ընթացքում ՊՇՌ հետազոտության պատասխանը ստանալը: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած չլինելու և սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորման կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթարկվում են պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով:

1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր:

2) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում):

* Սահմանային անցակետում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից:

** Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից, եթե սահմանային անցակետում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։

ՊՇՌ թեստի հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով

Պատվաստման հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի)՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները։

Նմանատիպ նյութեր