211652_close_icon
views-count4681 դիտում article-date 14:41 21-07-2021

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակին

Հուլիսի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակին:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։

Ծրագրում՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություններն են։

Նշենք, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում նախորդ տարի հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացավ հայ երգչախմբային արվեստի երախտավոր Հարություն Թոփիկյանը։

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։

Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների։

Նմանատիպ նյութեր