Շախմատի աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել հերթական փուլում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Սոչի քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Մարտիրոսյանը մրցում էր խորվաթ Անտե Բրիչի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 48-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիան կանցկացնեն հուլիսի 23-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը հայ շախմատիստներից միակն է, որը շարունակում է մրցելույթները:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: