211652_close_icon
views-count55535 դիտում article-date 23:01 05-08-2021

Հերթական դանակահարությունը՝ Երևանի կենտրոնում. «Ֆլագման» սրճարանի մոտից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ. օպերատիվ են գործել միայն ոստիկանության Երևանի և Կենտրոնականի բաժնի ծառայողները 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։ 

Մինչ Մարաշի բաժանմունքի ծառայողները ծանրութեթև կանեին, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որի ժամանակ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։

Փաստի առթիվ ոստիկանթւթյան կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը կամ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր