211652_close_icon
views-count1389 դիտում article-date 13:19 06-08-2021

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

««Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է որոշման նախագիծ, որին միացել են մեր գործընկերները՝ «Հայաստան» խմբակցությունից, որով առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ թե ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր և այդ այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքի կազմակերպման համար»,-ասաց Մամիջանյանը:

Խոսելով հանձնաժողովի ստեղծման հիմնավորումից՝ Մամիջանյանը նշեց, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանի և Արցախի հանրապետությունները կրեցին ծանր, մարդկային, բարոյական և նյութական վնասներ, որոնց հետևանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խորը ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն: Նա շեշտեց՝ անհրաժեշտ է, որ պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքական ագրեսիային: «Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչև 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի ապահովումը՝ մինչև միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լիարժեք կարգավորումը Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար: Հանձնաժողովը անհրաժեշտություն է նաև Արցախի ենթակառուցվածքների վերականգնման և անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման և իրագործման համար՝ դրանում ՀՀ օրենսդրության լրամշակման անհրաժեշտ կետերի, Արցախի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության ապահովման համար»,-ասաց Մամիջանյանը:

Հանձնաժողովի տիրույթում է գտնվելու նաև ՀՀ-ի և Ադրբեջան միջև  և Արցախի ու Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրությունը:

«Աշխարհն ունի կարիք՝ լսելու այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում  է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր