211652_close_icon
views-count1399 դիտում article-date 17:26 12-08-2021

Ատոմ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի նախագահ Ատոմ Մխիթարյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. 

«Սիրելի՛ երիտասարդներ
Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբներին դաշնության անունից ի սրտե շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա՝ օգոստոսի 12-ի առթիվ:

Յուրաքանչյուր հասարակության առաջընթացի գրավականը երիտասարդությունն է, եթե երիտասարդները ձգտում են լինել կրթված ու խելացի, հաստատակամ իրենց ակնկալիքներում ու մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին, իսկ պետությունը խրախուսում է նրանց բոլոր նախաձեռնությունները։ Երիտասարդական ակումբների դաշնությունն իր բազմաթիվ ու բազմապիսի ծրագրերով մշտապես աջակցում է երիտասարդությանը՝ նրան զարգացման հնարավորություններ ընձեռելով ու ներուժն ուղղորդելով մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:

Այսօրվա մեր գերխնդիրը հասարակական համերաշխության հաստատումն է, որի առաջամարտիկը պետք է դառնա երիտասարդությունը: Այս առումով ԵԱԴ 100-ից ավելի ակումբներ ու կենտրոններ, երիտասարդական ՀԿ-եր ու նախաձեռնություններ օգոստոսի 12-ին իրականացնելու են տեղական ծրագրեր՝ ֆլեշմոբեր, հանդիպում-քննարկումներ, քարոզարշավներ, սեմինարներ, մրցույթներ, գրական երեկոներ, քայլարշավներ, սպորտային միջոցառումներ, որոնց ընդհանուր խորագիրը ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ է լինելու:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում արդյունավետ գործունեություն ու համերաշխություն՝ ի շահ մեր ժողովրդի»:

1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999թ։ Այսօր ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 100 երիտասարդական մասնագիտական և տարածքային ակումբներ, կենտրոններ և կազմակերպություններ՝ դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը։

Նմանատիպ նյութեր