211652_close_icon
views-count134968 դիտում article-date 23:28 25-08-2021

Էջմիածնի ոստիկանները Երևանի շաուրմայանոցներից մեկում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Շաուրմադ բալանդ կդարձնենք» անվանումը. վնասազերծվել է զինված ավազակային հարձակում կատարողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են  հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է  «Շաուրմադ բալանդ կդարձնենք» անվանումը:  

 Օպերացիայի շրջանակում այսօր Վաղարշապատի անչափահասների գրործերով  բաժանմունքում տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի  հատկապես կարևոր   գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ, 53-ամյա   Կարեն Մ.-ն գտնվում է Երևանի կենտրոն վարչական տարածքում գործող շաուրմայանոցներից մեկում:

Նրան տեղում վնասազերծելու նպատակով պետք էր գործել արագ, ճիշտ ու օպերատիվ ու այդ հանգամանքն էլ հաշվի առնելով էր, որ  բաժնի աշխատակիցներից մեկը, ով գտնվում էր մայրաքաղաքում,  իր տեսադաշտում է պահում կասկածյալին:

Ոստիկանության ծառայողը, ով այդ պահին արձակուրդում էր, «շորտիկով» է լինում, ինչը չի խանգարում նրան,  որպեսզի իր տեսադաշտում պահի   հետախուզվողին, մինչև կժամանեին Վաղարշապատի իր գործընկերները:

 Ու արդեն հաշված րոպեների ընթացքում Վաղարշապատի ոստիկանները ժամանում են շաուրմայանոց ու դրսևորում են բարի կամք, սպասում են, մինչև  Կարեն Մ.-ն կուտի կվերջացնի  շաուրման, որից հետո ոստիկանության ծառայողները, իբրև շաուրմայանոցի աշխատակիցներ, կոկա-կոլա են հյուրասիրում նրան, ասելով՝ որպես մեր շաուրմայանոցի բացառիկ այցելու,  այս սառը կոլայով կերածդ խոզի շաուրման մարսի ու կոլան խմելուց հետո ոստիկանները նրան տեղեկացնում են, որ այստեղից պետք է ուղևորվեն Հայաստանի Սուրբ քաղաք:

Արդեն  բերման ենթարկելով, ոստիկանության Վաղարշապատի աշխատակիցները նրան ներկայացնում են Վաղարշապատի  քննչական  բաժին՝  հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ Վ.  Սամսոնյանին:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Կարեն Մ.-ն կասկածվում է հուլիսի 27-ին դանակով զինված՝ Էջմիածին քաղաքի Բաղրամյան  87 հասցեում գործող խանութի 59-ամյա վաճառողուհի Է. Ս.-ի նկատմամբ բռնությոն կիրառելու և խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com--ը, Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից տեղեկացել էինք, որ հուլիսի 27-ին Էջմիածնում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական  բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատակնիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործի շրջանակում որպես կասկածյալ Վաղարշապատի ոստիկանների կողմից որոնվում էր Երևան քաղաքի բնակիչ, 53-ամյա Կարեն Մ.-մ, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոլվացման կետի աշխատակից է ու այդ օրը մտել էր «Թոթլ»  կերային հավելումների վաճառակետ, որտեղ աշխատակցուհու՝ Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Է. Ս.-ի նկատմամբ բռնություն էր կիրառել և հափշտակել խոշոր չափի գումար,  ապա դիմել փախուստի: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր