211652_close_icon
views-count2395 դիտում article-date 20:20 27-08-2021

Արցախի տարածքում բջջային կապի և համացանցի հասանելիությունը խլացվում է ադրբեջանցիների կողմից՝ տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի տարածքում Ադրբեջանը խլացնում է բջջային կապի ու համացանցի հասանելիությունը։

 Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

 «Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։

 Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։

 Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։

 Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։

ՄԻՊ աշխատակազմ ստացված պարզաբանումների համաձայն՝ հարցը ներակայացվել է ռուս խաղաղապահների ուշադրությանը, պետական իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում տեխնիկական հզորությունների կատարելագործման և ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ»։

 

Նմանատիպ նյութեր