211652_close_icon
views-count2074 դիտում article-date 21:00 30-08-2021

Ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ գրառում է արել՝ կարևորելով ևս մեկ անգամ հարցը միջազգային հանրությանը հասցնելու անհրաժեշտությունը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց ճակատագրերը։
Եվ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում, սա այն դեպքում, երբ բազմաթիվ անձանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան։

Ամեն անհայտ ճակատագրի հետևում մարդիկ են, ովքեր տառապում են իրենց սիրելիների ճակատագիրն ու գտնվելու վայրը չիմանալու ցավից և պայքարում այդ անորոշության ու դրանից բխող բազմաթիվ հետևանքների դեմ։

Սարսափելի ցավին զուգահեռ, որ տարիների հետ միայն աճում է չգտնվող պատասխաններից, անհետ կորածների հարազատները հաճախ բախվում են բազմաթիվ սոցիալական, հոգեբանական, իրավական և տնտեսական դժվարությունների: Նրանց նկատմամբ թե՛ պետության, թե՛ հասարակության ամենօրյա հոգատարությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է։

Անհետ կորածների միջազգային օրը մենք պարզապես պարտավոր ենք վերստին բարձրաձայնելու և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս կարևորագույն հարցին։
Այսօր այցելել եմ ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր»։


   

Նմանատիպ նյութեր